Նանա Արամյանի «Հին պահարանի գաղտնիքները»՝ «Արտբրիջում» (լուսանկարներ)
Փետրվարի 15-ից մարտի 1-ը «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում ցուցադրվելու են նկարչուհի Նանա Արամյանի գրաֆիկական աշխատանքները։
«Ներկայացված են 10 աշխատանքներ՝ «Հին պահարանի գաղտնիքները» շարքից, մի քանիսը նախորդ ցուցահանդեսում ևս ներկայացվել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին։
«Շատ ոգևորված էի այս շարքով, իդեան մեջս շատ վաղուց էր խմորվում։ Ես միշտ էլ տարօրինակ հին առարկաների նկատմամբ սեր ունեցել եմ։ Փակվելու, առանձնանալու պահանջը շատ մեծ էր։ 2-3 շաբաթում, բայց ամբողջ օրը նկարելով, այս շարքն արեցի։ Այս ընթացքում ինձ ոգեշնչում էր երաժշտությունը և նաև մեծ սերս գոթական մշակույթի նկատմամբ։ Այս շարքը տարօրինակ, մութ հեքիաթային երազի արտահայտումն էր»,- պարզաբանում է Նանա Արամյանը։
Նկարչուհու ներկայացմամբ` «Հին պահարանի գաղտնիքները» շարքը կապված է երազների, մանկության, մանկական վախերի հետ. «Գլխավոր հերոսներից մեկը մի աղջիկ է, ով կիսակախարդ, կիսաթինեյջեր է։ Նկարում պատկերված է նրա աշխարհը, նա էլ է միաձուլվել հրեշիկների, տարօրինակ էակների հետ։ Տանը գտնվող իրերը թվում են տարօրինակ, հեքիաթային։ Հին եղած իրերի մեջ գտնում ես շատ տարօրինակ բաներ, որոնք բոլորովին այլ աշխարհ են քեզ տանում։ Չղջիկի, գորտի, կմախքի միջից այլ ճանապարհներ ես գտնում, որոնք տանում են հրաշալի վայրեր։ Միջավայրը կարող է լինել շատ հասարակ, նույնիսկ վանող, բայց միևնույն ժամանակ՝ այն կարող է շատ կարևոր դեր կատարել մարդու կյանքում»։
Այս շարքը կոչ է` թվացյալ աննկատ իրերի մեջ պետք է կարողանալ տեսնել շատ հետաքրքիր իմաստներ և բացահայտումներ կատարել։
«Պետք չէ հեռու գնալ և վեհ բաներ փնտրել։ Թվացյալ ոչ վեհ բաներում էլ շատ մեծ հետաքրքրություն կա»,- իր խոսքը եզրափակելով` ասաց Նանա Արամյանը։