Էրդողանի հետ ուղիղ եթերը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չորեքշաբթի լույս գիշերը ուղիղ հեռարձակումը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով: Թուրք առաջնորդի խոսքով՝ վատ ինքնազգացողության պատճառը ստամոքսային գրիպն է։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանը պատասխանում էր Kanal7 և Ülke հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Հեռարձակման մեկնարկից մի քանի րոպե անց հեռարձակումը դադարեցվել է 20 րոպեով, իսկ հեռուստատեսությամբ հեռարձակվել են գովազդային հոլովակներ։
Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ստուդիայում գտնվող լրագրողներին ասել է, որ «ստամոքսը սաստիկ մրսացրել է»։
«Մենք շատ ենք աշխատում, ես լուրջ մրսածություն ունեմ: Մենք մտածեցինք, որ եթե չեղարկենք ծրագիրը, ապա մեզ կարող են սխալ հասկանալ: Մենք եկանք, ինչպես և խոստացել էի: Մենք նույնպես ժամանակ առ ժամանակ նման խնդիրների ենք բախվում: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, որոնք հիմա հեռուստաէկրանի դիմաց են», – ասել է Թուրքիայի նախագահը։
Դրանից հետո լրագրողները մեկական հարց են ուղղել Թուրքիայի նախագահին, և հեռարձակումն ավարտվել է։
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանի առողջական վիճակը որևէ վտանգ չի ներկայացնում: