Փաշինյանը սպառազինության գնման պլանը հաստատել է պատերազմից 2 տարի անց. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Կառավարության տարեկան հաշվետվության մասին՝ ասաց, որ մի քանի օրից լրանում է  Փաշինյանի վարչապետության 5 տարին, և ակամայից ցանկություն  է առաջանում զուգահեռներ անցկացնել 2018 թվականի և 2023 թվականի Նիկոլ Փաշինյանի միջև։

«2018 թվականին, երբ Քարվաճառի ճանապարհին բացված ռեստորանում ՀԴՄ կտրոն չտալու հարցը դարձրեց համազգային խնդիր, և հիմա, որ այլևս Քարվաճառի մասին չի խոսում։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռը դարձրել էր օդային երթուղային տաքսի և գրեթե շաբաթը մեկ Արցախ էր մեկնում, գոռում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ հիմա թույլ չի տալիս Արցախի Հանրապետության անունը ասել։ 2018 թվականին Երևանում ազատ շրջող Նիկոլ Փաշինյանը և այսօրվա Նիկոլ Փաշինյանը, որի անվտանգության աշխատողներն ամեն քայլափոխի նստած են, սա է նրա 5-ամյա գործունեությունը, բայց հիմա ես կանդրադառնամ միայն 2022 թվականին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանն ամբիոնից ցույց տվեց երկու նկար՝ ընդգծելով, որ մեկ տարվա գործունեության համար այդ երկու նկարները բավարար կլինեին։ Լուսանկարներից մեկն Ազատ գյուղում հրդեհված զինվորական կացարանի նկարն էր, որը խլեց 15 զինծառայողի կյանք, մյուսը՝ Տեղ համայնքն էր, որտեղ ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են անում։

«Կառավարության հաշվետվության մեջ անվտանգություն բաժինը կազմված է շատ փնթի ու հպանցիկ, Սուրեն Պապիկյանը հանձնաժողովի նիստում իմ ասածից նեղացավ, բայց այդպես է։ Բանակի մասին էլ խոսելուց միանգամից գրել են քրեական ենթամշակույթի տասնամյակների տարածվածությունը և այլն։ Հիմա էլ իշխանության սիրելի թեման՝ 50-ից ավելի հայրենիքի դավաճաններ, բայց նույնիսկ փակ նիստի ժամանակ են իշխանական պատգամավորներն ասել, որ մարդուն դավաճանության համար դատել են, բայց հետո արդարացրել ու հիմա բարձր պաշտոնի են նշանակել։

Կարդացեք նաև

2021 թվականին Կառավարությունն իր ծրագրով պատասխանատվություն էր վերցնում ՀՀ տարածքային ամբողջականության և այլնի համար, 2023 թվականին դրա կատարումը զրո է։ Սեպտեմբերյան և ապա Տեղ գյուղի դեպքերը ցույց տվեցին, որ այս Կառավարությունն ի վիճակի չի եղել պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի ապրիլի 25-ին պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգում էր, որ թուրքը եկել նստել է Ներքին Հանդ գյուղի ամենավերևը։ Իսկ պաշտպանության նախարարությունը սկսեց արդարանալ, թե՝ «ձմռանը զորքը հետ է գնացել, հիմա գարուն է՝ հետ է եկել»։

Միաժամանակ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ Կառավարությունը հաշվետվության մեջ չի գրել, թե ինչպես է կատարել իր սահմանադրական պարտքը՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանման մասին։

«Կառավարությունն առաջին իսկ օրվանից խոսում էր բանակի բարեփոխումների հայեցակարգի մշակման մասին, մինչև հիմա դա չկա, առնվազն չի հրապարակել։ Փոխարենը՝ երկու տարի հետո, միայն 2023 թվականի հունվարին է բանակի հետ կապը, զարգացման ծրագիրը և սպառազինությունների ձեռքբերման ծրագիրը հաստատվել»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս