Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն` նոր ռեկորդով
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:
Մրցման մեկնարկին Իտալիայի և Ալբանիայի ներկայացուցիչները, ովքեր հիմնական ֆավորիտներ էին, վնասվածքների պատճառով հրաժարվեցին պայքարից:
Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 167, 173, 178 կգ: Վերջին մոտեցմամբ Կարապետյանը սահմանեց Եվրոպայի ռեկորդ (178 կգ): Այս վարժությունում Կարապետյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ, այնուհետ` 196 կգ, սակայն չբարձրացրեց 206 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է Եվրոպայում:
Այս խաղում Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կարլոս Նազարը, ով հրում վարժությունում 221 կգ արդյունքով աշխարհի և Եվրոպայի ռեկորդ սահմանեց:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: