Բաժիններ՝

Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC

Վաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ: Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիո Գուտերեշին:

BBC-ն հաղորդում է, որ փաստաթղթերից մեկը կենտրոնանում է «սևծովյան հացահատիկային գործարքի վրա», որը կնքվել էր անցյալ հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ: Ըստ փաստաթղթի՝ Անտոնիո Գուտերեշն այնքան հետաքրքրված էր գործարքի պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստակամ էր հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ:

«Գուտերեշն ընդգծել է իր ջանքերը՝ բարելավել արտահանման Ռուսաստանի հնարավորությունները, նույնիսկ եթե դա ներառում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների և անհատների», – նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունները «խաթարել են Մոսկվային պատասխանատվության ենթարկելու ջանքերը»:

Բարձրաստիճան մի պաշտոնյա, մեկնաբանելով այս տեղեկությունները, հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջնորդվում էր «աշխարհի ամենաաղքատ խավի վրա պատերազմի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ»:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումների վրա, և սպառնացել է կասեցնել «հացահատիկային գործարքի» շրջանակներում համագործակցությունը, մինչև այդ խնդիրները չլուծվեն:

Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները դժգոհ են Գուտերեշի ջանքերի՝ ԱՄՆ-ի մեկնաբանության առնչությամբ, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հստակ հայտնել է իր բացասական վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին:

Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է Գուտերեշի և նրա տեղակալի՝ Ամինա Մոհամմեդի միջև զրույցը, որի ընթացքում Գուտերեշը հիասթափություն է հայտնում ավելի շատ սպառազինություն արտադրելու՝ Եվրահանձնաժողովի նախագահի կոչի առնչությամբ:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել արտահոսքի աղբյուրը:

Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից երկրների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս