Բաժիններ՝

Ռուսական և ուկրաինական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ երկու կողմն էլ հաղորդում են տուժածների մասին

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 401 օր: Կողմերի տարածած տեղեկությունների համաձայն՝ ռուսական և ուկրաինական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել միմյանց: Երկու կողմից էլ կան տուժածներ:

Ուկրաինական ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում հետ են մղել ռուսական կողմի ավելի քան 80 հարձակում:

Ռազմական գործողությունների էպիկենտրոնում են մնում Բելոգորովկա, Բախմուտ, Ավդեևկա և Մարյինկա բնակավայրերը: Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի հայտարարության՝ Բախմուտում հետ է մղվել 22 հարձակում: Ռուսական աղբյուրները վերջին օրերին հաղորդում էին, որ «Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումներին հաջողվել է Բախմուտում տարբեր ուղղություններում, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում առաջ շարժվել, սակայն Ուկրաինայի ԳՇ-ն ռուսական ուժերի առաջխաղացման մասին ոչինչ չի հաղորդում:

Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ մարտի 30-ի ուշ երեկոյան և մարտի 31-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայում տարբեր թիրախների վրա արձակել են իրանական արտադրության 10 «Շահիդ-136/131» անօդաչու թռչող սարքեր, որոնցից 9-ը խոցվել են: Ռուսական և իրանական կողմերը բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը Ռուսաստանին չի տրամադրել ԱԹՍ-ներ և հրթիռներ Ուկրաինայում օգտագործելու համար, և որ ՌԴ-ն իրանական անօդաչուները գնել է սահմանափակ քանակությամբ՝ նախքան Ուկրաինայում հակամարտությունը:

Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ վերջին մեկ օրում ռուսական ուժերի կողմից Խարկովի գնդակոծության հետևանքով 5 մարդ է տուժել:

Ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են ուկրաինական ուժերի կողմից Դոնբասի գնդակոծության մասին: Ըստ ТАСС գործակալության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 11 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքն էլ գնդակոծվել է HIMARS համակարգերից, վիրավորների թիվը հասել է 16-ի:

Ռուսական կողմից նաև հաղորդում են, որ ուկրաինական ուժերը գիշերն ավելի քան 40 արկ են արձակել Խերսոնի մարզում՝ Դնեպրի ձախ ափի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս