«Արարատ-73»-ի հաղթանակներից 50 տարի անց Երևանում բացվեց հայկական ակումբի փառահեղ խաղաշրջանը ներկայացնող ֆոտոցուցահանդես
ԽՍՀՄ առաջնությունում և գավաթի խաղարկությունում «Արարատ-73»-ի հաղթանակից 50 տարի անց Երևանում բացվել է հայկական լեգենդար թիմի հաղթանակներին նվիրված ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպել են «Ֆոտոլուր» գործակալությունն ու Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը:
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում ներկայացված են 1973 թվականին «Արարատ»-ի անցկացրած հաղթական մրցաշրջանի հիշարժան դրվագները, հաղթականերն ու նվաճումները։
Ներկայացված լուսանկարների հեղինակները «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյաններն են:
Ցուցահանդեսին ցուցադրվում է 100 լուսանկար, որոնք ներկայացնում են «Արարատ-73»-ի հաղթական մրցաշրջանը։
«Քանի որ այս տարի «Արարատ-73» հաղթանակների 50-ամյակն է, մտածում էի ցուցահանդես և ֆոտոալբոմ ունենալու մասին, բայց բավականին դժվար էր հովանավոր գտնելը: 1973 թվականին լուսանկարում էինք և՛ եղբայրս, և՛ ես: Ունենալով նման արխիվ՝ այն չօգտագործելը ճիշտ չէր լինի»,-ասաց Մելիք Բաղդասարյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը և այլոք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշեց, որ «Արարատ-73»-ի հաղթանակն այն բանի ապացույցն է, որ ջանասեր աշխատանքը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունքը:
«Հայկական սպորտի պատմության մեջ փառահեղ էր «Արարատ-73»-ի հաղթանակը: Սուտ է այն կարծիքը, որ մենք թիմային մարզաձևերում չենք կարողանում հաղթանակ տոնել»,-ասաց Գիլոյանը:
1973 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատ»-ը, 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամո»-ին, նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այդ հանդիպումից օրեր անց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարկարովի հրաշալի գոլերի շնորհիվ «Արարատ»-ը 3:2 հաշվով հաղթեց և նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը: Երեւանի «Արարատ»-ը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները: