Ճապոնիան դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը
Ճապոնիան, որպես ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված երկիր, անընդունելի է համարում և դատապարտում Բելառուսում իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այսօր Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Մացունոն նաև Ռուսաստանին կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը:
Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանն արձագանքել են նաև Ուկրաինայում: Կիևը պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ռուսաստանի նման մտադրությունները չեն կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել ողջ համաշխարհային հանրության մոտ: Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ «Կրեմլի միջուկային շանտաժին դիմակայելու համար»։
Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ:
ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։
Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։