Հայաստանի հունական համայնքը նշել է Հունաստանի ազգային տոնը
Մարտի 26-ին վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում Երևանի «Պոնտի» հունական համայնքը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 202-րդ տարեդարձի առթիվ:
Տոնական միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը: Ելույթ ունեցավ նաև Հայաստանի հույների «Պատրիդա» հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հունաստանի պատմությունը, ելույթ ունեցան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները: Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի հետ։
Հունաստանի անկախության օրը նշվում է ամեն տարի մարտի 25–ին։