Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որն արդեն մի քանի ամիս է՝ երկրում զանգվածային ցույցերի ալիք է բարձրացրել: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկա ժամերին կհայտարարի օրինագիծը կասեցնելու մասին:
Իսրայելի նախագահի հայտարարությանը նախորդել են զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են բախումներով:
«Գիշերը մենք տեսան շատ բարդ տեսարաններ: Ես դիմում եմ վարչապետին, կառավարությանը և կոալիցիայի անդամներին: Էմոցիաները բարդ են և ցավոտ: Մարդկանց մոտ մեծ վրդովմունք է տիրում: Անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն բան վտանգված է… Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատովության՝ Ձեզ կոչ եմ անում անմիջապես դադարեցնել օրինագիծը», – ասել է Հերցոգը:
Գիշերն Իսրայելում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նեթանյահուն աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը: Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին