Բաժիններ՝

Բնության ու արվեստի հատման կետում. կայացավ բույսերի մակրոլուսանկարների ցուցահանդես ու վարպետության դաս

Հայտնի լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի և Օ₂ Gardens-ի համագործակցությամբ իրականացված բույսերի մակրոլուսանկարչության նախագծի շրջանակում կայացավ «Ավելին, քան թթվածին» խորագրով տասնյակ բույսերի մակրոլուսանկարների ցուցահանդես ու վարպետության դաս։ Տեղում ներկայացված օրինակների հիման վրա լուսանկարիչը ներկաների հետ կիսվեց օգտակար խորհուրդներով՝ ինչպես ճիշտ ընտրել ու դիրքավորել օբյեկտը, ինչ հնարավորություններով լուսանկարչական օբյեկտիվ օգտագործել ու ինչպես լուսավորել բույսերը, որպեսզի արդյունքում ստացվեն նմանատիպ արվեստի գործեր։

Սուրեն Մանվելյանը հայտնի է կենդանիների ու թռչունների աչքերի մակրոլուսանկարների շարքով, որը լայն տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, նաև միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Նրա խոսքով՝ մակրոլուսանկարչությունը թույլ է տալիս տեսնել այն, ինչն անզեն աչքով տեսանելի չէ։

«Մենք ամեն օր տեսնում ենք մարդու աչքեր, բայց աչքերի իմ շարքը միշտ բոլորին զարմացնում է։ Նույն կերպ բույսերն են։ Մենք բույսերը չենք տեսնում այն խորությամբ, ինչ հնարավոր է մակրոլուսանկարների միջոցով, հատկապես, երբ հատուկ լուսավորում ենք ապահովում, և բույսերի գույներն ավելի վառ են արտահայտվում։ Մակրոլուսանկարչության միջոցով միշտ անսպասելի բացահայտումներ ես կատարում, ինչն էլ շատ ոգևորում է»,-ասում է Սուրեն Մանվելյանը։

Օ₂ Gardens-ի ագրոնոմ Աբրահամ Աբրահամյանն էլ պատմեց Օ₂ Gardens-ի բույսերի, ծառերի, թփերի աճեցման, արտադրության և խնամքի պայմանների մասին։

Գործնական հատվածում մասնակիցներն արդեն հնարավորություն ստացան Սուրեն Մանվելյանի օգնությամբ իրականացնելու իրենց հեղինակային մակրոլուսանկարները՝ օգտագործելով սեփական հեռախոսներն ու լուսանկարչական սարքերը։

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանող Արփինե Կարապետյանը սոցիալական մեդիա հարթակներում տեսել էր միջոցառման հայտարարությունն ու կուրսընկերների հետ շտապել վարպետության դասին։ «Շատ հետաքրքիր փորձառություն էր, բավականին գիտելիք ստացա մակրոլուսանկարչության ու ներկայացված բույսերի մասին։ Ինձ դուր եկավ նաև գործնական հատվածը, երբ միջոցառման մասնակիցներով միմյանց օգնում էինք ստանալ յուրահատուկ լուսանկարներ՝ կիրառելով Սուրեն Մանվելյանի խորհուրդները»,-ասաց միջոցառման մասնակիցը։

Օ₂ Gardens-ի միջոցառումների համակարգող Արմինե Հարությունյանը հավաստիացրեց՝ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու։ «Մեր ընկերությունը մեծ կարևորություն է տալիս փորձի փոխանակմանն ու երեխաների, դեռահասների և երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Այդ նպատակով մշտապես հանդես ենք գալիս տարբեր կրթական նախաձեռնություններով»,-նշեց Արմինե Հարությունյանը։

Օ₂ Gardens-ը PROFAL ընկերության նոր՝ կանաչապատման ուղղությունը ներկայացնող նախագիծն է։ Օ₂ Gardens-ը Հայաստանում և տարածաշրջանում նման կոնցեպտով առաջին նախագիծն է։

Մեծ բուսաբանական այգու կոնցեպտով Օ₂ Gardens-ում ներկայացված են 2000-ից ավել բազմատեսակ բույսեր, ծաղիկներ, ծառեր ու թփեր, անգլիական, ֆրանսիական, իտալական, դասական, քարային և այլ տարբեր ոճերով կանաչապատված ու ձևավորված այգիներ։

Ընկերությունն առաջարկում է համալիր ծառայություններ. բույսերի ներմուծումից մինչև աճեցում և խնամք, ինտերիերի և էքստերիերի կանաչապատում և լանդշաֆտային դիզայնի ամբողջական փաթեթ՝ խորհրդատվություն, տարածքի չափագրում-նախագծում, դիզայներական լուծումներ, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում, բուժում, հետագա խնամք և սպասարկում, ինչպես նաև այգեգործական մի շարք այլ ծառայություններ։

Օ₂ Gardens-ի տարածքում նախատեսվում են նաև կոնֆերանս դահլիճներ, լսարաններ ոլորտային տարբեր քննարկումների և միջոցառումների համար, ինչպես նաև ժամանցի կենտրոններ ընտանեկան հանգստի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս