Բաժիններ՝

«Աբգարյան պարային ստուդիայի» սաները Հայաստանի գավաթի առաջնությունում շահել են 5 ոսկե և 3 արծաթե մեդալ

Գեղարքունիկի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում գործող «Աբգարյան պարային ստուդիայի» սաները փայլուն են հանդես եկել Հայաստանի գավաթի առաջնությունում՝ շահելով երկու գավաթ, 5 ոսկե, 3 արծաթե մեդալ և 30 դիպլոմ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աբգարյան պարային ստուդիայի» հիմնադիր եւ ղեկավար, պարուսույց Ալլա Աբգարյանը, Հայաստանի գավաթի պարային առաջնությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Երեւանում, որին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից ժամանած մի քանի տասնյակ թիմեր։

«Աբգարյան պարային ստուդիան» մրցել է 18 թիմերի հետ եւ գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ Ստուդիայի սաները հանդես են եկել 8 պարային համարներով` որոնցից 2-ը՝ խմբային , 6-ը մենապարային։ Մենապարային համարներում ոսկե մեդալ են նվաճել 5 տարեկան Լիլի Միրզիկյանը, 8 տարեկան Նարե Մուրադյանը, 8 տարեկան Անի Սարիբեկյանը: Արծաթե մեդալի են արժանացել 5 տարեկան Մարի Մեսրոպյանը, 8 տարեկան Շողեր Սիմոնյանը եւ 5 տարեկան Դիաննա Գեւորգյանը։

«Մեր ստուդիան ընդամենը մեկ տարվա պատմություն ունի։ Ստուդիայում ընդգրկված են 3-12 տարեկան 90 երեխա՝ Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերից։ Փաստորեն, սա մեր առաջին միջազգային ու հանրապետական նշանակության ստուգատեսն էր, որը կարողացանք փայլուն արդյունքներով եզրափակել։

Ընդ որում, մենք մրցում էինք այնպիսի թիմերի հետ, որոնք անգամ 20-25 տարվա պատմություն ունեն, սակայն կարողացանք մեզ դրսեւորել լավագույն կողմերով։ Մենք մրցել ենք «Հայկական ժողովրդական պարեր» անվանակարգում, թեեւ ստուդիայի սաներին ուսուցանում ենք ամենատարբեր ոճի պարեր։ Ստուգատեսին մեր ստուդիայից մասնակցել են 22 սան, սակայն նվաճեցինք 30 դիպլոմ, քանի որ մենապարային համարների մասնակիցներից ոմանք փայլուն կատարումների շնորհիվ կարողացան մեկի փոխարեն երկու կամ երեք դիպլոմ շահել։

Ինչ խոսք, այս հաջողությունը մեզ ոգեւորում է, մղում նոր ձեռքբերումների, նոր ծրագրերի, ավելի հեղինակավոր ստուգատեսների մասնակցության։ Իսկ կարեւորն այն է, որ մատաղ սերունդը սիրով է ներգրավվում պարարվեստի ուսուցման մեջ, ու ես նույնքան համոզված եմ, որ մեր այսօրվա հաղթանակը կերտած սաները վաղն իրենց ծանրակշիռ խոսքն են ասելու հանրապետական կամ միջազգային ամենահեղինակավոր բեմերում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալլա Աբգարյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս