Նախնական տվյալներով Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: