Բաժիններ՝

Պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում. Գիլոյանը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելը պատմական արդարության վերականգում է համարում:

«Այսօր պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում: Ճիշտ 40 տարի առաջ մարզահամերգային համալիրը պետք է բացվեր, և այստեղ պետք է անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը: Հիմա` 40 տարի անց, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը: Այն ընդունելու է Եվրոպայի առաջնությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանը պետք է հյուրընկալի նմանատիպ մրցաշար, քանի որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում և այս մրցաշարին էլ չի մասնակցելու պարզապես մասնակցության համար:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս