Պետական աջակցություն՝ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին աշխատանքի ընդունելու դիմաց. ծրագրի մեկնարկը տրված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակում աջակցություն կստանան այն գործատուները, որոնք աշխատանքի կընդունեն սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նպատակ ունեն աշխատանք գտնելու հարցում աջակցություն ցուցաբերել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց
«Շատ հաճախ աշխատաշուկայում աշխատանք չգտնելը պայմանավորված է լինում բավարար վերաորակավորում չունենալու հանգամանքով: Այստեղ շատ կարևորվում է վերապատրաստման ծրագրերում սոցիալական խմբերի ներգրավվածությունը: Գործատուներին աջակցություն տրամադրելու այս ծրագիրը նման բաղադրիչ չունի, սակայն մեր կողմից իրականացվում են մի շարք տարբեր ծրագրեր, որոնք իրագործվում են գործազուրկներին վերապատրաստելու, վերաորակավորելու նպատակով: Ահա այդ ծրագրերին էլ կարող են դիմել»,-ասաց Ժորա Սարգսյանը:
Սահմանված են պահանջներ ինչպես գործատուների, այնպես էլ գործազուրկների համար: Ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք պետական չեն, վերջին 3 ամիսներին պետք է ունենան առնվազն 10 աշխատող: Ծրագրից կարող են օգտվել այն գործազուրկները, որոնք կամ նպաստառու են կամ ունեն հաշմանդամություն, դրա հետ մեկտեղ վերջին 3 ամիսների ընթացքում գրանցված աշխատող չեն եղել, ինչպես նաև տվյալ գործատուի մոտ վերջին 6 ամսվա ընթացքում չեն աշխատել: Եվ եթե կողմերը բավարարեն այդ պահանջները, ապա գործատուները կունենան հարկերի մասնակի հետ վերադարձ:
Կախված սոցիալական խմբից, շահառուի տարիքից, տարանջատվել է նաև գործատուների համար նախատեսված աջակցության չափը:
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք. առնվազն մեկ տարի աշխատանքի ընդունելու պարագայում գործատուները 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-ից 29 տարեկան գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամի չափով:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-ից 45 տարեկան գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ։ Եթե նպաստառու գործազուրկը մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայր է, 6 ամսից բացի ևս 3 ամիս գործատուին կտարամդրվի հարկերի հետ վերադարձի մասով աջակցություն:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-ից 62 տարեկան գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամի չափով:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձինք. աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աջակցություն կտրամադրվի 6 ամիս ժակետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ։
Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, քաղաքացիներն ու գործատուները կարող են դիմել: Նախարարությունն էլ կապող օղակ կհանդիսանա գործատուների ու գործազուրկների միջև: Այսինքն՝ գործազուրկներին նաև նախարարությունը կուղղորդի դեպի այն գործատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել ծրագրին: