Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական մակարդակով 159-րդ նիստին:
«Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ, բարեկամներ,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն Ահմեդ Աբուլ Ղեյտին և այս նստաշրջանի նախագահ, Նորին գերազանցություն Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, ինչպես նաև բոլոր անդամ պետություններին՝ այս հարգարժան լսարանի առաջ այսօր ելույթ ունենալու հնարավորության համար: Ես սա համարում եմ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը, և, իհարկե, ընդհանուր պատմությունը խորհրդանշող իրադարձություն:
Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:
20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությոնների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում:
Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը:
Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:
Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ լանածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները:
Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։
Հարգարժա՛ն նախարարներ,
Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:
Եվ կրկին անգամ, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։
Շնորհակալ եմ»: