Արցախի պետնախարարը միջազգային հանրության պահվածքը որակել է անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել:
Նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակն այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար:
Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:
Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:
«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:
Պետնախարարը պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ նշել է, որ շուրջ երեք ամիս Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները:
«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120 հազար հայ բնակչությունը. Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», – նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Անդրադառնալով արցախցիների արժանապատվության մասին հարցին, պետական նախարարը նշել է, որ իրենց արժանապատվությունը կյանքը զոհաբերած ոստիկաններն են, քաղաքացիների ինքնապաշտպանությունն ապահովող անձինք են, երեսուն տարի երկրի սահմանները անառիկ պահած քաջորդիներն են։