Բաժիններ՝

Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի

Հունաստանում տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 57-ի:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տասը մարդ դեռ անհետ կորած է:

Գնացքների բախումը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել ամբողջ Հունաստանում: Երկաթգծային աշխատողները մարտի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացրել՝ կառավարությանը մեղադրելով երկաթուղիներն անտեսելու մեջ: Աթենքում և Սալոնիկում երկու օր շարունակ ավելի քան 2000 ցուցարար ակցիա է անցկացրել՝ բողոքելով կառավարության և երկաթուղին սպասարկող ընկերության դեմ, որոնք, նրանց պնդմամբ, «ոչինչ չեն արել՝ բարելավելու Հունաստանի երկաթուղիների վիճակը»:

Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է վթարի վայրից ոչ հեռու գտնվող Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով մարդասպանության հոդվածով:

Վթարից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «պատասխանատվություն կստանձնի 21-րդ դարին չհամապատասխանող երկաթգծային համակարգը նորոգելու գործում իշխանությունների երկարատև ձախողումների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս