Հանրային քննարկման ներկայացվեց Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Գավառի ուսուցողական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը նվիրված հանրային քննարկում: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային քննարկումը վարում էին Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։ Հանրային քննարկմանը մասնակցում էին բնակիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ:
2022 թվականի Գավառ համայնքի վարչական բյուջեի եկամուտների, ծախսերի կատարողականը, վարչական բյուջեի ծախսային մասը, ֆոնդային բյուջեի կառուցվածքը, ծախսային մասը՝ ըստ տնտեսագիտական դասակարգման, մանրամասն ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը:
Ըստ զեկուցման՝ 2022 թվականի Գավառ համայնքի վարչական բյուջեի եկամուտները ծրագրով նախատեսված 2 միլիարդ 12 միլիոն 60 հազար դրամի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 414 միլիոն 6 հազար դրամի չափով , որը կազմում է նախատեսվածի 99.4 տոկոսը։ Թերակատարումը կազմում է 0,6 տոկոս կամ 11 միլիոն 645, 4 հազար դրամ:
Սեփական եկամուտների դիմաց նախատեսված 641 միլիոն 280, 9 հազար դրամի դիմաց փաստացի կատարվել է 629 միլիոն 635.5 հազար դրամ , որը կազմում է 98.2 տոկոս:
Հաշվետու տարում վարչական բյուջեի հավաքագրած եկամուտների 31.5 տոկոսն ապահովվել է սեփական եկամուտների հաշվին, իսկ 68.5 տոկոսը` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների, նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) եւ պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման հաշվին:
Բարձրացված հարցերին պատասխանել են համայնքապետարանի ներկայացուցիչները:
Ելույթներով հանդես են եկել ավագանու անդամ Սամվել Ամիրխանյանը եւ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող, ավագանու անդամ Անի Պետոյանը:



