Սիրիայի վերաբերյալ Իրանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջև բանակցութունները լավ արդյունք են տվել. Սալեհի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում Սիրիայի վերաբերյալ Իրանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջև անցկացրած բանակցութունները լավ արդյունք են տվել.
«Բանակցությունները կառուցողական են եղել, դրանց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Իրանն առաջարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման իր որոշումը՝ վեց կետանոց պլանը: Այն իրենում ներառում է անցումային կառավարության ստեղծման շուրջ սիրիական կառավարության ու ապստամբների միջև բանակցությունների անցկացում»:
Նշվում է, որ փետրվարի 14-ին Սալեհին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Քամել Ամրոնի ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ոչ վաղ անցյալի զարգացումները:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Կահիրեում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 12-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Եգիպտոսի, Իրանի ու Թուրքիայի նախագահներ Մոհամմեդ Մուրսիի, Մահմուդ Ահմադինեժադի ու Աբդուլլահ Գյուլի եռակողմ հանդիպում:
Եռակողմ հանդիպման նախաձեռնողի դերում է հանդես եկել Մուրսին: Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիները: Կողմերը գնահատական են տվել ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություններին և կոնսենսուսի են հասել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շուրջ: