2022թ. սեպտեմբերի երկօրյա մարտական գործողությունների ժամանակ 3 անգամ ավելի շատ զոհ և 30 անգամ ավելի շատ տարածքային կորուստ ենք ունեցել, քան 2016թ. քառօրյա պատերազմում. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն է:
Տիգրան Աբրահամյանը զուգահեռներ է անցկացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողությունների և 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի միջև՝ զոհերի քանակի և մարտական գործողությունների բնույթի և մասշտաբի առումով:
«Ապրիլյան մարտական գործողությունների կամ պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցել է 75 զոհ, որի մեջ մտել են պարտադիր ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, նաև՝ կամավորականներ, որոնք բավականին արագ ներգրավվել էին բուն մարտական գործողություններին: Պաշտոնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 223 մարդ: Այսինքն, մոտ 3 անգամ ավելի շատ զոհ ենք ունեցել, քան 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին: Շատ հատկանշական մեկ բան էլ կա. կրակի ինտենսիվությունը, խտությունը և գրոհային խմբերի մեծությունը, դրանում ներգրավված զինատեսակների առկայության համեմատությունը ցույց է տալիս, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ անգամներով շատ կրակ է բացվել, սպառազինություն կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, գրոհային խմբերը եղել են անգամներով ավելի շատ ապրիլյան մարտական գործողությունններին, քան մենք ունեցել ենք սեպտեմբերին: Բայց և՛ կորուստները, և՛ հետևանքներն անհամեմատելի են: Ավելին, ապրիլյան գործողությունների ժամանակ տարբեր տվյալներով՝ հետախուզական, Ադրբեջանի կողմից հրապարակված, հետագայում պարզ դարձած տեղեկություններով, 4 օրվա ընթացքում Ադրբեջանը միջինացված ունեցել է 1000-ի կարգի զոհ, մոտավոր թիվ եմ հնչեցնում, Ադրբեջանում տարբեր թվեր են բարձրաձայնվել: Այս մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների զոհերի թիվը 100-ի չի հասել: Կրկնում եմ՝ 2022-ի սեպտեմբերին հիմնական կրակը չի ունեցել այն ինտենսիվությունը, գրոհային խմբերը չեն եղել այն ծավալի և քանակի, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Հիմա երբ գնահատում ես մասշտաբը, դրանք պատերազմական գործողություններ են: Իսկ այն, ինչ ունեցել ենք 2016-ի ապրիլին, շատ անգամ ասում ենք՝ քառօրյա, բայց դա քառօրյա չէր, որովհետև հետագայում ևս եղել են լուրջ բախումներ, գրանցվել են զոհեր: Այսինքն, իրականության մեջ ունեն տարբերակումներ այս կամ այն դեպքում 2016-ի և 2022-ի գործողությունները, բայց, ըստ էության, երկուսն էլ պատերազմական գործողություններ են եղել: Եղել են հստակ ագրեսիա, մարտական գործողություններ, որոնց նպատակը նույնն է եղել: Գուցե տակտիկան ուրիշ է եղել, կամ մի դեպքում ճակատը եղել է Արցախը, մյուս դեպքում՝ ՀՀ-ն ինքնիշխան տարածքները, բայց 2 դեպքում էլ, կարող ենք ասել, որ պատերազմ է եղել»,- մանրամասնել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ 2022 թվականի սեպտեմբերին մենք նաև տարածքային ավելի շատ կորուստներ ենք ունեցել:
«Մենք ունեցել ենք 470 հեկտարի կորուստ ապրիլյանի դեպքում, այսինքն, մարտավարական բնույթի 2 բարձունքի կորուստ ենք ունեցել, մնացածը մարտավարական առումով լուրջ նշանակություն չեն ունեցել, իսկ 2022-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ մենք բավականին մեծ հատվածում՝ Կուտականից մինչև Ներքին Հանդ, որը 3 մարզի հատված է, ունեցել ենք և՛ ռազմավարական, և՛ մարտավարական մոտ 2 տասնյակից ավելի բարձունքների կորուստներ: Սա, ի տարբերություն 2016-ի գործողությունների, հնարավորություն է տվել Ադրբեջանին լուրջ թիրախավորման կամ էֆեկտիվ վերահսկման տակ առնել ՀՀ կրիտիկական մեծ թվով օբյեկտներ, ենթակառուցվածքներ, ինչն էլ իր հերթին՝ հնարավորություն է տվել Ադրբեջանին ՀՀ 3 մարզերի հատվածում գրեթե 90 տոկոս և ավելին տեղակայվել բարձունքներում և բավականին ծանր իրավիճակ ստեղծել ոչ միայն տարածքային կորուստների առումով, այլ նաև դիրքային»,- շարունակել է պատգամավորը՝ հավելելով, որ սրա արդյունքում նույնիսկ նոր ստեղծվող մարտական ենթակառուցվածքները հիմնականում գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և այն կոմունիկացիաները, որոնք կապում են կամ որոնցով կապվում են մեր մարտական ենթակառուցվածքները:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Իշխանությունները փորձում են քողարկել հրդեհի և 15 զոհի իրական պատճառները: Տեղի ունեցածը զինված ուժերի նկատմամբ հանցավոր անտարբերության և զինված ուժերի դեմ հանցավոր արշավի հետևանք էր: Այս ողբերգությամբ պայմանավորված՝ իշխանությունները գլխատեցին 2-րդ բանակային կորպուսը՝ պաշտոնից ազատելով հրամանատարական կազմին՝ հրամանատարին և 4 տեղակալներին:
- 44-օրյա պատերազմից 2-4 ամիս առաջ էլ փոխվեցին 4 զորամասերի հրամանատարները… Հադրութի հրամանատարը փոխվել էր պատերազմից 4 ամիս առաջ: Այսպիսի աղետ ունեցած իշխանությունները նույն քայլին են դիմել առանց ծառայողական քննություն անցկացնելու՝ 2-րդ կորպուսի գլխատման դեպքում, ինչն անթույլատրելի է:
- Անվտանգության պայմանների բացակայությամբ նման զորամասերը քիչ չեն: Իսկ նման զորամասերի տեղակայումը գյուղական բնակավայրերում պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Քարվաճառը հանձնելուց հետո իշխանությունները ժամանակին զորամասերը չէին վերատեղակայել, պարզապես դրանք տեղակայել էին այնտեղ, որտեղ հնարավոր էր արագ կազմակերպել: Իհարկե, զինված ուժերը կարող են գտնվել ժամանակավոր կացարաններում, բայց դրանցում էլ պետք է պատշաճ պահպանվեն անվտանգության կանոնները, դրա համար կան հատուկ կանոնակարգեր:
- Նույն բլեֆն այս իշխանությունները կատարեցին հետպատերազմյան շրջանում, զորանոցները տնակներում տեղակայելով՝ ցույց տվեցին, թե իբր բարելավում են կենցաղը, բայց չէին լուծում պաշտպանական խնդիրները:
- Մոդուլային զորանոցներն այս իշխանությունների հերթական փուչիկն է:
- 2016-ի ապրիլին քառօրյա պատերազմի և 2022թ. սեպտեմբերին երկօրյա մարտական գործողությունների համեմատություններն ու զուգահեռները: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ, սեպտեմբերյան մարտական գործողությունների, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 223, այսինքն՝ երեք անգամ ավելի, քան 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Ընդ որում, 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ թշնամու գրոհային խմբերն ավելի շատ էին, քան 2022թ. սեպտեմբերին: Մարդկային և տարածքային կորուստներն ու հետևանքները ևս անհամեմատելի են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 470 հա տարածքի և մարտավարական բնույթի 2 բարձունքի կորուստ, 2022թ. սեպտեմբերին՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական 2 տասնյակից ավելի դիրքային և տարածքային մեծ կորուստ: 2022թ. սեպտեմբերի մարտական գործողություններից հետո, ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև կոմունիկացիաները, որտեղ գտնվում են մարտական ենթակառուցվածքները, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել:
- Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի հատվածում Ադրբեջանն ունեցել է մեծ առաջխաղացում և մոտեցել է Սևանա լճին:
- Այս իշխանությունները մեկ խնդիր են լուծում՝ ապահովել իրենց երկարակեցությունը: Սա իշխանություն է, որի պաշտոնավարման ընթացքում կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, Հայաստանի Հանրապետության հսկայական տարածքի հսկայական հատվածը: Հայաստանի ինքնիշխան Հանրապետության շուրջ օղակը սեղմվում է, և հնարավոր չէ վերադարձնել կորցրածը:
- Ի՞նչ խնդիր են լուծում ՀՀ իշխանություններն Արցախում, ի՞նչ խնդիր է լուծում Սամվել Բաբայանն Արցախում: Տարօրինակ է, որ Բաբայանն Արցախում ստեղծված իրավիճակում կարևոր հարց է համարում սահմանադրական ճգնաժամը:
- Արցախում Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին նախագահ Արայիկ Հարությունյանը միայնակ նման որոշում կայացնելու լեգիտիմություն չունի, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս:
- Փաշինյանի նպատակն է՝ Արցախում ունենալ այնպիսի կամակատար իշխանություն, որը կգտնվի իր վերահսկողության ներքո:
- Արցախի իշխանությունները երկրորդ պլան են մղել կարևորագույն խնդիրները և լուծում են իշխանության վերաբաշխման խնդիրներ, այն դեպքում, երբ արցախցին այսօր պայքարում է իր ինքնորոշման իրավունքը պահպանելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և ոչ թե՝ Արայիկ Հարությունյանի դիրքերը պահպանելու համար:
- Զարմանալի է, որ անցյալ տարի սեպտեմբերին, երբ լուր տարածվեց Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու մասին, Արայիկ Հարությունյանը դրանից հետո 2 ամիս շարունակ տարբեր հայտարարություններով փորձում էր արդարացնել իր որոշումը: Իր իսկ որոշմամբ նշանակելուց հետո, սկսեց պայքարել Ռուբեն Վարդանյանի դեմ:
- Մենք այս պատերազմում ձախողել ենք, պարտվել ենք, որովհետև երկրի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այնպիսի իշխանություն, որը երկիրը պաշտպանելու կարողություն չունի:
- Մեր բոլոր հրամանատարները պետք է խոսեն այսօր, այդ թվում` Օնիկ Գասպարյանը, արձագանքեն, որովհետև իրենց ստեղծած բանակի վրա քար են նետում, չպետք է թույլ տան, որ իրենց ստեղծածն անարգեն Սասուն Միքայելյանների պես մարդիկ:
- Այս իշխանությունները փաստացի չեն կատարում բանակում ռեֆորմներ կատարելու խոստումները, նրանց միայն հետաքրքրում է ընթացիկ խնդիրների լուծումը:
- Այս իշխանությունների դրոշակն «աննախադեպությունն» է՝ տակը բովանդակություն և նպատակ չկա, փուչիկ ու բլեֆ է:
- Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում նորություն չէ:
- Պետք չէ աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Իշխանություններն այսօր մտադիր են 6 ամիս մարտական պատրաստվածություն անցած կանանց և աղջիկներին ավելի շատ գումար տալ 6-ամսյա կուրսն ավարտելուց հետո, քան ստանում են բանակում 25 և ավելի տարիներ ծառայող, մարտական խնդիրներ լուծող պրոֆեսիոնալ սպաները: Պետք չէ գումար վատնել չերևացող նպատակների համար: