Բագրատյանի պայքարն ընտրակաշառքի դեմ. «Գալու եմ, էդ ընտրական կաշառքները հարկեմ» (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի թիվ 4/27 ընտրատեղամասում (Արաբկիր վարչական շրջան) ՀՀ նախագահի թեկնածուներից քվեարկություն կատարեց Հրանտ Բագրատյանը: Դուրս գալով ընտրատեղամասից` Բագրատյանը հանդիպեց լրագրողներին և մասնավորապես խոսեց արդեն տեղի ունեցած ընտրախախտումների մասին: Նա նշեց, որ դեռ երեկ և նախորդ օրը տեղեկություններ են ստացել նախ մասսայական ընտրակաշառք բաժանելու մասին: «Մենք արդեն գիտենք, որ կոնկրետ Ստեփանավանից, այլ քաղաքներից ազգանուններով ընտանիքներ են բերում լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկելու: Այդ դեպքերի վերաբերյալ ահազանգներն արդեն մասսայական են դառնում»,- ասաց Հրանտ Բագրատյանը և այս խախտումների թվում հիշեց նաև այսօր Աջափնյակ համայնքում տեղի ունեցած միջադեպի  մասին: «Մենք գիտենք, որ 7/27-ում թաղապետարանի մի նախկին բարձրաստիճան աշխատակից լկտիություն է ցուցաբերել»,-նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ւմ օգտին է բաժանվել այդ ընտրակաշառքը:

«Ընտրակաշա՞ռքը, ո՞նց ում օգտին, իշխանության»,- զարմացած պատասխանեց «Ազատություն» կուսակցության նախագահը:

Պարոն Բագրատյանին նաև հարցրեցին այն մասին, թե ինչո՞ւ տվյալ ընտրատեղամասում ինքը չուներ վստահված անձ, ինչին ի պատասխան նա ասաց, որ չգիտի այդ մասին, բայց նաև ավելացրեց, որ շուրջ 1800 ընտրատեղամասերից 1200-ում ունի վստահված անձինք:

Կարդացեք նաև

Հարցին, թե հաջողության իր ամենամեծ մաղթանքը ո՞ր թեկնածուին կուղղի, Հրանտ Բագրատյանը պատասխանեց այսպես. «Թող արդար ընտրություն լիներ, ով հաղթում էր` հաղթեր: Դա բացարձակապես կարևոր չէ, այնքան կարևոր է, որ Հայաստանում հաղթեին: Եթե արդար ընտրված թեկնածու հաղթեր և նույնիսկ, ասենք, երկու ամիս հետո պարզվեր, որ այդ թեկնածուն փուչիկ է, հետո միևնույն է կփոխվեր: Կարևոր է գնացքը գցել ճիշտ ճանապարհի վրա»:

Այսօր Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը «զարմանալի» որակեց առավոտյան ժամը 10-ի դրությամբ մի քանի ընտրատեղամասերում քվեարկած ընտրողների թիվը:

168.am-ի հարցին, թե ինքն ինչպե՞ս է գնահատում ընտրողների ակտիվությունը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չի հասցրել համեմատել թվերը, սակայն ինչպես իրեն տեղեկացրել է իր շտաբի պետի տեղակալը, նախորդ նախագահական ընտրությունների գրաֆիկի հետ համեմատած` ակտիվությունը շատ բարձր է:

Իսկ հարցին, թե, ըստ նրա, դա ինչո՞վ է պայմանավորված, Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես արդեն ասացի` օրինակ Արեշում բերում են ընտրության ավտոմեքենաներով, Գյումրիից ունենք այդպիսի լուրեր և այլն:»

Հրանտ Բագրատյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է հետընտրական զարգացումներ կամ հասարակության մոբիլիզացիա, ինչին ի պատասխան նա ասաց. «Մենք կնայենք հասարակության տրամադրությանը, հիմա չեմ ուզում մեկնաբանել, այդ հարցին կպատասխանեմ վաղը կամ մյուս օրը»:

Լրագրողները կրկին վերադարձան ընտրակաշառքի թեմային: Այս մասին Հրանտ Բագրատյանն ասաց. «Ի՞նչ պետք է ասեմ: Եթե էս բառն այս պահին կհասնի, այ մա´րդ, էդ մի քանի հազար դրամով չի, հերիք է էլի, ի՞նչ է տալիս ձեզ էդ 5000 դրամը»: Բայց լրագրողները  տեղեկացրին նախկին վարչապետին, որ ընտրակաշառքի գինն այժմ ավելացել է և հասնում է 25 000 դրամի: «Գնաճի ինֆլյացիան հաշվի՞ են առել»,- ի պատասխան հարցրեց Հրանտ Բագրատյանը: Իսկ երբ նրան հարցրեցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել այդ ընտրակաշառքի դեմ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես ի՞նչ ասեմ իրենց, գալու եմ, էդ ընտրական կաշառքները հարկեմ, եկամտահարկ պիտի մտցնեմ, որ խելքները գլուխները գա»:

Տեսանյութեր

Լրահոս