Բաժիններ՝

Պատկերացնո՞ւմ եք, Բյուզանդի, Արամի փողոցներում՝ 10-12 հարկանի շենքեր, լրիվ բանտ է. քաղաքաշինության դոկտոր

2021 թվականին տրվեց  Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը: Ըստ նախագծի` Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Հունվարի 13-ին այնտեղ հերթական լարված վիճակն էր: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրում էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն ապահովելու համար։

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ շինաշխատանքները սկսված են, բայց ավելի լավ է չսկսվեին, քանի որ, նրա գնահատմամբ, հերթական անգամ աղավաղվելու է քաղաքի արտաքին տեսքը:

«Նախագծից պարզ է, որ անգրագետ ճարտարապետություն են անելու: Ամբողջ աշխարհում բոլոր հուշարձան-շենքերը պահպանում են, քանի որ կա ինքնությունը պահպանելու տենդենց: Հիշում եմ, 2020թ. քննարկումների ժամանակ ասում էին, թե մի հուշարձան շենք կա, դրա ճակատը կտանենք, մյուս շենքի վրա կդնենք: Դա եղավ պահպանությո՞ւն: Կարծում եմ, պետք չէր 10-15 հարկանի բարձրահարկ շենքեր կառուցել: Արդեն Երևանում գազիֆիկացման պրոբլեմ կա, որովհետև արդեն սահմանված չափը գերազանցվել է: Դրա համար պարզապես պետք է բարեկարգեին: Հետաքրքիր շինություններ կային, կարող էին ռեստորաններ դարձնել, լինեին խանութներ ու այստեղ կպահպանվեր Վերնիսաժի կոլորիտը: Սակայն մի նոր հրապարակ են ստեղծում 22 հա տարածքում, որը մյուս ճանապարների հետ ոչ մի ձևով չի կապվում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Քաղաքաշինության դոկտորի կարծիքով՝ հուշարձան շենքերն ընդհանրապես չպետք է քանդեին, բայց քանի որ արդեն քանդում են, գոնե ճանապարհներ լինեն:

«Պատկերացնում եք, Բյուզանդի, Արամի փողոցներում՝ 10-12 հարկանի շենքեր: Լրիվ բանտ է:  Խցանումներն ավելանալու են: Օրերս տեսա, որ փորել են, մի 2-3 հարկ ավտոկայանատեղի է արվել: Հետո կարո՞ղ է ասեն՝ Տիգրան Մեծ փողոցը  նեղ է, բերեք լայնացնենք ու այդտեղի սև շենքերը, որոնց մեծ մասը հուշարձան-շենքեր են, քանդե՞ն»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Հավելենք, որ  ըստ նախագծի` Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են՝ ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ՝ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: Ֆիրդուսը հանրային գերակա շահ էր հռչակվել 2008 թվականին: Նույն որոշումը վերահաստատվել էր նաև 2018 թվականի մարտի 22-ին: Փոխվարչապետի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի իր էջում 2020թ. հունիսին հրապարակել էր Երանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներդրողների ցուցակը: Հրապարակված ցուցակի համաձայն` Ֆիրդուսի թաղամասի ամբողջ տարածքը բաժանվել է 18 լոտի, որոնց գնման ու կառուցապատման համար ընտրվել են 10 ներդրողներ: Դրանցից 5-ն անհատներ են, 5-ը՝ ընկերություններ, որոնց թվում են Երևանի խոշոր կառուցապատող ընկերություններից «Էլիտ գրուպը», Բյուզանդի և Ամիրյան փողոցների հատվածում կառուցապատման որոշ ծրագրեր իրականացնող, 2016թ.-ին գրանցված «Ջի էմ Դեվելոփեր» ընկերությունը, «ԴԻԱՆԱՐ» ՓԲԸ-ն, «Կաէռ մայնինգ» ՍՊԸ-ն:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս