Դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Է. Թամազյանին մեղավոր է ճանաչել` երեխային շահագործելու, ինչպես նաև նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանում հետազոտված և հիմնավորված ապացույցների համաձայն` Է. Թամազյանը 2011թ. փետրվար ամսից համատեղ բնակվել է Լ.Գրիգորյանի և նրա անչափահաս դստեր Ս.Գ.-ի հետ:

Վերջինիս շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսին` տարբեր օրերին, պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև արգելելով սնվել ու բնակվել իրենց տանը, անչափահաս Ս.Գ.-ին ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ, այն է` ստիպել է Երևանի տարբեր վայրերում զբաղվել մուրացկանությամբ, ստացել և տնօրինել է երեխայի` մուրացկանությամբ վաստակած գումարները:

Բացի այդ, Է.Թամազյանը 2011թ. մայիսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով խաբեությամբ` համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, անչափահաս Ս.Գ.-ին տեղափոխել է Երևանի Երևանյան լճի մոտակայք:

Է. Թամազյանը գործով դեռևս չպարզված մի երիտասարդի հետ առանձնազրույց ունենալուց հետո Ս.Գ.-ին առաջարկել է առանձնանալ ու ենթարկվել նրա կամքին, սակայն Ս.Գ.-ն, հասկանալով Է.Թամազյանի մտադրությունը, դիմել է փախուստի:

Բացի այդ` Է.Թամազյանը 2011թ. մայիսին` տարբեր օրերին, ակնհայտ անչափահաս Ս.Գ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Է.Թամազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1322-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 10 տարի 6 ամիս ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս