Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ

Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին:

Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգավոր մնալ:

Նա շեշտել է՝ Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։

«Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պատասխանները:

Հարց. Որքան վտանգավոր է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային Լեռնային Ղարաբաղի շրջանում։

Պատասխան. Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ Հայաստանի հարավում 2022 թ. սեպտեմբերին, ցույց է տալիս, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանում շարունակում է վտանգավոր մնալ։

 

Հարց. Ինչպե՞ս է հնարավոր կայունացնել իրավիճակը, որի հետևանքով Հայաստանը հարաբերականորեն հայտնվել է մեկուսացման մեջ։

Պատասխան. Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ջանքերը։ Ռազմական լուծում պարտադրելը չի կարող որևէ կերպ հանգեցնել տևական և կայուն խաղաղության։

Հարց. Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է Լյուքսեմբուրգի կառավարությունը ձեռնարկում միջազգային կառույցներում՝ ուղղված Հայաստանի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովմանը և իրավիճակը լիցքաթափելուն։

Պատասխան. Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Լյուքսեմբուրգը սատարում է խաղաղությանն ուղղված ԵՄ միջնորդական ջանքերին՝ բոլոր դերակատարների մասնակցությամբ։ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Հայաստանում ավարտվեց 2022 թ. դեկտեմբերի 19-ին, և Լյուքսեմբուրգն աջակցում է ԵՄ նոր առաքելություն Հայաստան գործուղելու նախաձեռնությանը՝ ծրագրելով 2023 թ. հաստատել ԵՄ կառուցողական ներկայությունը տարածաշրջանում և նպաստել երկխոսությանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Լյուքսեմբուրգը մշտապես սատար է եղել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։

Հարց. Գոյություն ունի՞ արդյոք օգնության ծրագրված առաքելություն Հայաստանից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։

Պատասխան. Եթե ԵՄ-ն նախաձեռնի այդպիսի օգնության առաքելություն, Լյուքսեմբուրգը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու։

Տեսանյութեր

Լրահոս