Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ:

«Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է:

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

Տեսանյութեր

Լրահոս