Որոշել են Արցախը վաճառելով՝ փրկություն գտնել Հայաստանի համար. Արցախի ԱԺ պատգամավոր

Հունվարի 7-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 27-րդ օրը. Ըստ մամուլի հրապարակումների՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, բացելու համար Ադրբեջանի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել է Սյունիքով միջանցք, Սյունիքում 120 հազար Ադրբեջանի քաղաքացիների բնակեցում և անկլավների հանձնում՝ առանց Արծվաշենի վերադարձի։

Ադրբեջանի բոլոր պահանջներին, ըստ մամուլի նույն հրապարակման, համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, դեմ է եղել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ստեղծված իրավիճակում ընդգծել է բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտաբի մի խումբ անդամների, ԱՀ Ազգային  ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնել իրավիճակը, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերն ու ձեռնարկվող միջոցառումները:

«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը հարցազրույցի պահին հանդիպում էր անցկացնում քաղաքացիների հետ, նշեց՝ Արցախում ապրող ամեն մի հայ անում է իրենից կախված ամեն բան։

Կարդացեք նաև

«Քաղաքացիներն իրենցն անում են և հավատում, որ 2020 թվականի պատերազմի պես իրենց դավաճանված չեն զգա։ Այստեղ մնում է Հայաստանի իշխանության, միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի անելիքը տեսանելի լինի»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝  հրատապ անհրաժեշտություն է՝ օրակարգ բերել Արցախի ճանաչման հարցը որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, սակայն, ցավալիորեն, այս հարցում էլ տեսանելի չէ Հայաստանի Ազգային ժողովի պատրաստակամությունը։

«Ընդհանուր առմամբ, պետք է շեշտեմ՝ Արցախի հետ Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը զրոյական մակարդակի վրա է. դա է պատճառը, որ քաղաքական հայտարարություն է ՀՀ ԱԺ-ն ընդունում՝ դա չհամաձայնեցնելով Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ. խոսքը «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության վերջին հայտարարության մասին է։ Չկա համատեղ աշխատանք, թեև մենք պնդում ենք՝ ՀՀ ԱԺ-ն անելիք ունի. պետք է օրակարգ  բերի «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը։ Դրանից զատ, անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը դադարի  հայտարարել, թե չնայած  Արցախը շրջափակված է, բայց, միևնույն է, ինքը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները համահունչ չեն Արցախում ստեղծված իրավիճակին։ Հայաստանի իշխանությունը որոշել է Արցախը վաճառելով՝ փրկություն գտնել Հայաստանի համար. սա սխալ ճանապարհ է. մի՞թե ՀՀ իշխանությունը չի գիտակցում դրա վտանգները»,- ասաց Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս