Ի՞նչ տարբերություն, թե ինչպիսին կլինի տնտեսական աճը

Տնտեսությունը Հայաստանում 2022թ. բարձր տեմպերով աճեր է արձանագրում։ Կառավարությունն առնվազն 13 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց դրանից սոցիալական իրավիճակը մեր երկրում չի լավանում։ Բևեռացումն է խորացել՝ եկամուտների անհամաչափ բաշխման հետևանքով։

Տնտեսության բարձր աճերը երբեմն իրական արդյունքի ստեղծման հաշվին չեն։ Շատ դեպքերում էլ արհեստական բնույթ են կրում. կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց մասնակցությունը հավելյալ արդյունքի ստեղծման մեջ շատ սահմանափակ է։ Եղածն էլ քչերն են վայելում։

Մի կողմից՝ տնտեսական աճի արդյունքներն այն չեն, մյուս կողմից՝ բարձր գնաճն է իր դերը կատարում։

Հասարակության մեծ մասի եկամուտները, անգամ տնտեսական բարձր աճի պայմաններում, չեն համապատասխանում գնաճի իրական ազդեցությանը։ Դա էլ մեծացնում է սոցիալական լարվածությունը ոչ միայն՝ չաշխատող կամ թոշակառու ու նպաստառու զանգվածի, այլև շատ հաճախ՝ աշխատանք ունեցողների շրջանում։

Քիչ չեն այն աշխատող քաղաքացիները, որոնք աշխատանք ունենալով՝ աղքատանում են։ Նրանց եկամուտներն ավելի դանդաղ են աճել, քան ծախսերը։

Համեմատությունները, որոնք երբեմն կատարում են իշխանության ներկայացուցիչները՝ եկամուտների ու գնաճի հետ կապված, չեն արտահայտում իրական պատկերը։ Հաշվի չեն առնում, որ ի տարբերություն եկամուտների, գնաճը միայն նախորդ տարվանով չի սահմանափակվում։ Այն պակաս ակտիվ չէր նաև 2021թ., նույնիսկ ավելի ակտիվ էր։

2021թ. նոյեմբերին գնաճը Հայաստանում կազմել էր 9,6 տոկոս։

2022թ. նոյեմբերին, նախորդ տարվա 9,6 տոկոս գնաճից հետո, 8,8 տոկոսանոց գնաճ է գրանցվել։

Երկու տարվա կտրվածքով սա գնաճային չափազանց մեծ ճնշում է հատկապես այն քաղաքացիների վրա, որոնց եկամուտները չեն ավելացել կամ ավելի դանդաղ են ավելացել, քան գնաճն է։

Այդպիսի քաղաքացիները մեր իրականության մեջ բավականաչափ շատ են։

Հասարակության մեծ մասը մտնում է հենց այդ խմբի մեջ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գնաճի իրական ազդեցությունն անհամեմատ ավելի ընդգրկուն է։ Դա երևում է սննդամթերքի գնաճի պարագայում։

Անցած երկու տարում սննդամթերքը շատ ավելի է թանկացել, քան արձանագրված սպառողական գների ինդեքսի փոփոխությունն է։

Բերենք վերջին ամենաթարմ տվյալները. 2021թ. նոյեմբերին, մեկ տարվա կտրվածքով, սննդամթերքը Հայաստանում թանկացել էր 17,4 տոկոսով։ 2022թ. թեև թանկացման տեմպն ավելի փոքր է, բայց շարունակում է երկնիշ լինել. սննդամթերքը թանկացել է ավելի քան 11 տոկոսով։

Սննդամթերքի պարագայում 2 տարվա համախառն գնաճն ահա այսպիսին է։ Բայց այս հանգամանքը սովորաբար իշխանությունները հաշվի չեն առնում գնաճի ազդեցությունը գնահատելիս։ Մինչդեռ, ցածր եկամուտներով պայմանավորված, հասարակության մեծ մասի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է հենց սննդի պահանջարկի բավարարմանը։ Սա է պատճառը, որ նրանք շատ ավելի մեծ գնաճային ճնշում են կրում, քան ուզում են տեսնել իշխանությունները։

Թեև նույնիսկ դա չի բնորոշում այն ամբողջ պատկերը, որը սպառողների մեծ մասի վրա թողնում է գնաճը։

Դիցուք՝ հացն անցած տարի թանկացել էր 14 տոկոսով։ 14 տոկոսն արդեն իսկ շատ բարձր գնաճ է բազմաթիվ սպառողների համար։ Բայց նույնիսկ դրանով հացի գնաճը չի սահմանափակվել։ 2022թ. ևս այն մեծ տեմպերով թանկացել է. 2022թ. նոյեմբերին՝ 2021թ. նոյեմբերի համեմատ, գրեթե 16 տոկոսով։ Հացի 2 տարվա համախառն գնաճը հասնում է գրեթե 30 տոկոսի։

Այլ հացաբուլկեղենն 2021թ. թանկացել էր 11,5 տոկոսով, 2022թ. գնաճը 20 տոկոսին մոտ է։

Ալյուրի և ձավարեղենի գնաճը 2021թ. 13 տոկոս էր, 2022թ.՝ գրեթե 11 տոկոս, բրինձն 2021թ. թանկացել էր 14 տոկոսով, 2022թ.՝ ևս 9 տոկոսով։

Մակարոնեղենը, որն 2021թ. այդքան շատ չէր թանկացել, 2022թ. տեղն ամբողջությամբ հանել է. 2021թ. 8,6 տոկոսի վրա թանկացել է ավելի քան 28 տոկոսով։

Հացամթերքը միակ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան չէ, որը վերջին երկու տարում այսպիսի բարձր գնաճային դրսևորում է ունեցել։

Նույնը եղել է նաև մսամթերքի պարագայում։ Մսի գնաճն 2021թ. 8 տոկոս էր, 2022թ.՝ ևս 12 տոկոս։ Միայն տավարի մսի գնաճը կազմել է 23,5 տոկոս։

Խոզի մսի դեպքում 2022թ. թվում է, թե գնաճ չկա կամ շատ ցածր է, բայց 2021թ. այն արդեն հասցրել էր կտրուկ թանկանալ։ Դրանով է պայմանավորված, որ 2022թ. պաշտոնապես խոզի մսի գնաճ գրեթե չի գրանցվել։ 2021թ. այն հասցրել էր թանկանալ 37 տոկոսով։

Մսամթերքի շուկայում 2 տարվա այս գնաճը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ազդեցություն է ունեցել սպառողների մեծ մասի սպառողական զամբյուղի վրա։ Շատերի համար ամիսը մեկ կամ երկու անգամ միս գնելը դարձել է մեծ ճոխություն։

Պակաս փոքր չի եղել ձկնամթերքի գնաճը։ Ինչպես խոզի մսի պարագայում, թարմ ձուկը ևս 2022թ. գրեթե չի թանկացել։ Փոխարենը՝ կտրուկ գնաճի էր ենթարկվել 2021թ.՝ ընդհուպ 35-36 տոկոսի չափով։

Կաթնամթերքը, որը ևս մեծ բաժին ունի սպառողական զամբյուղում, վերջին 2 տարում հասցրել է կտրուկ թանկանալ։ Կաթն 2021թ. թանկացել էր 12-13 տոկոսով, 2022թ.՝ ավելի քան 30 տոկոսով։

Կաթի թանկացումն ազդել է նաև մյուս կաթնամթերքների գների վրա։ Դա ակնհայտ է հատկապես պանրի և կաթնաշոռի դեպքում։ Այս ապրանքների գնաճն 2021թ. 10-11 տոկոս էր, 2022թ.՝ կրկնակի ավելի բարձր։

Մածունն ու յոգուրտները միայն 2021թ. թանկացել են գրեթե 15 տոկոսով։

Յուղերն 2022թ. քիչ են թանկացել, բայց դա էլ եղել է 2021թ. կտրուկ գնաճից հետո։

Յուղերի և ճարպերի գնաճը 2021թ. ավելի քան 21 տոկոս էր, 2022թ.՝ գրեթե 6 տոկոս։

Փոխարենը՝ 2022թ. կտրուկ է եղել մարգարինի և այլ յուղերի գնաճը. 2021թ. համեմատ՝ 26 տոկոս։

Գնաճային այսպիսի ակտիվ դրսևորումները բազմաթիվ շուկաներում են և ոչ միայն՝ սննդամթերքի։ Ոչ պարենային ապրանքները և ծառայությունները պակաս քիչ չեն թանկացել։

Թերևս, այդ համատարած թանկացումներն են, որ էապես ավելացրել են սպառողական զամբյուղի արժեքը։ Վերջին տվյալներով, այն հասնում է 76 հազար դրամի, ինչն էապես գերազանցում է ոչ միայն միջին կենսաթոշակը, այլև նվազագույն աշխատավարձը։

Դա նշանակում է՝ այս մարդիկ ստիպված են եղել ավելի վատ ապրել, քան ապրում էին մեկ տարի առաջ, նշանակություն չունի, որ 2022թ. պաշտոնապես մեր երկրում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս