Լուսինե Բադալյանը սպառնաց Անահիտ Ավանեսյանին՝ անուններ կհրապարակի

Այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացրել էին հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նախագծով, հեղինակներն առաջարկում են  բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման և այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման, երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Հեղինակները նաև առաջարկում են բուժաշխատողների  220 կրեդիտ հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որպեսզի բուժաշխատողները միանգամից երկարաժամկետ չբացակայեն, փոխարենը՝ կարող են բացակայել տարեկան 10 օր. բուժհիմնարկն էլ պետք է հսկի  աշխատողների կրեդիտավորման գործընթացը:

Կարդացեք նաև

Քննարկմանը ներկա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բուժաշխատողները կարող են 10 օրվա փոխարեն բացակայել 5 օր։ Սակայն Լուսինե Բադալյանն ընդդիմացավ, ասելով, որ արդեն 6 ամիս նախագիծը քննարկվում է։

«Մենք նորից մտնում ենք փակուղի, այսինքն՝ զրոյից պիտի նորից սկսենք քննարկել, արդեն բոլորն անգիր արեցին։ Բայց եթե այս նույն տարբերակով քննարկվելու է, ապա ես քիչ հետո անուններով կհրապարակեմ։ Մեծ քանակով դաշտային աշխատանքներ ենք կատարել, մեկը ես՝ գնալով ու ընկնելով բոլոր պոլիկլինիկաները, հիվանդանոցները, բազմապրոֆիլ հիվանդանոցները, բոլոր տնօրենների հետ խոսելով, կսկսեմ արդեն անուններով խոսել։ Կասեմ, թե որ հիվանդանոցների տնօրեններն են, որ այսպես են ասում, իսկ որոնք՝ այսպես։ Այսինքն՝ 90 տոկոսը, որը ողջունել է նախագիծը և հաստատել, որ դա ֆինանսական բեռ չէ։ Կսկսեմ անուններով նշել, թե ինչպես է քննարկումը գնում ու այսպես մտնում փակուղի»,- խոսքն ավարտելուց հետո Լուսինե Բադալյանը վերցրեց թղթերը և դուրս եկավ հանձնաժողովի նիստից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս