Բաժիններ՝

Չօդափոխվող, փակ տարածքներում մարդկանց կուտակումները նպաստում են վիրուսների, այդ թվում՝ գրիպի տարածմանը. համաճարակաբան

Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը՝ (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդ տարվա մայիս (20-րդ շաբաթ):

Վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները:

Գրիպը վիրուսային հիվանդություն է: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի մարդկանց։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում գրիպով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր կան, հիմա այն շատ տարածված է:

Կարդացեք նաև

«Ստեղծված իրավիճակում օդափոխությունը շատ կարևոր է: Չօդափոխվող, փակ տարածքներում մարդկանց կուտակումները նպաստում են վիրուսների, այդ թվում՝ գրիպի տարածմանը: Պատվաստման մասին այդքան խոսում ենք, հոկտեմբերից պատվաստանյութը հասանելի է, սական մեծ ընդգրկվածություն չունի: Այն ամեն տարի փոխվում է՝ դառնալով համահունչ տվյալ սեզոնին կանխատեսվող վիրուսի մուտացիաները հաշվի առնելով: Ներկայում ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում առկա է ֆրանսիական արտադրության SANOFI Պաստեր տետրացին գրիպի քառավալենտ պատվաստանյութը»,- նշեց համաճարակաբանը:

Հավելենք, որ սեզոնային գրիպը վարակիչ շնչառական հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսն է: Սա նույնը չէ, ինչ սովորական մրսածությունը: Գրիպը բնորոշվում է տենդի, հազի (սովորաբար չոր), գլխացավի, մկանների և հոդերի ցավի, ուժեղ տկարության (վատ ինքնազգացողության) հանկարծակի գրոհով, կոկորդի բորբոքումով և «հոսող քթով»: Հազը կարող է լինել ծանր և տևել 2 կամ ավելի շաբաթ: Գրիպը չի կարելի բուժել հակաբիոտիկներով:

Գրիպի ծանր դեպքերը հնարավոր է բուժել հակավիրուսային միջոցներով՝ բժշկի հսկողությամբ: Ամբողջ աշխարհում սեզոնային գրիպով պայմանավորված շնչառական հիվանդություններից տարեկան մահանում է 650,000 մարդ, որոնցից 72,000-ը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում: Յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ ԱՀԿ-ն հորդորում է, որ ազգաբնակչության որոշակի խմբեր պատվաստվեն գրիպի դեմ: Սա վերաբերում է հետևյալ խմբերին՝ հղի կանայք, սրտային, թոքային խրոնիկ հիվանդություններ, մետաբոլիկ կամ երիկամային հիվանդություն, լյարդի խրոնիկ հիվանդություն, խրոնիկ նյարդաբանական վիճակներ կամ իմունային անբավարարություն ունեցող անձինք, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք՝ անկախ ռիսկի այլ գործոններից, տարեց և հաշմանդամ անձանց համար նախատեսված խնամքի հաստատությունների բնակիչներ, 6-59 ամսական երեխաներ և առողջապահության ոլորտի աշխատակիցներ, ներառյալ նրանք, ովքեր խնամում են ծերերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց:

Տեսանյութեր

Լրահոս