Հայաստանն իրեն հռչակել է «ժողովրդավարության մարգարե», մինչդեռ Արևմուտքին հետաքրքիր են Բաքվի փողը, նավթն ու գազը․ Արթուր Խաչիկյան

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը մեր հերթական տապալումն ու պարտությունն էր։ Ստացվել է այնպես, որ մեր դաշնակիցը մեզ այլևս չի պաշտպանում։ Նախկինում Մոսկվան գոնե չեզոք դիրք էր զբաղեցնում, իսկ այժմ, երբ մեր տարածքում ադրբեջանական ուժեր կան, նա իրեն շատ պասիվ է պահում և մեր ուզածը չի անում։ Դժգոհության համար, իհարկե, հիմք կա, բայց պետք է հասկանալ, թե ինչպես հասանք այս վիճակին։ Զարմանալի ոչինչ չկա՝ մենք հակադրվեցինք Ռուսաստանին, այսպես կոչված, «բռնապետություններին», որոշեցինք, որ մենք Կովկասում ժողովրդավարության մարգարեն ենք, ունենք Մահաթմա Գանդիի և Մեսրոպ Մաշտոցի սինթեզը, որը պետք է խոսի ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ, բացատրի, թե ինչ է ժողովրդավարությունը, տարածի այն։ Մենք մեր քարտերը դրեցինք այդ հաշվարկով և պարտվեցինք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Պարզվեց, որ միջազգային հանրությունն այդպես էլ չի նկատում՝ դուք ժողովրդավարությո՞ւն եք, թե՞ ոչ, այն ղեկավարվում է սեփական շահերով։ Ե՛վ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ը հռչակեցին, որ իրենց շահերն Ադրբեջանում են, ոչ թե «թավշյա Հայաստանում»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու գնալիս անգամ կանգ չառավ Երևանում, որ գոնե ձևի համար մեզ հետ էլ հանդիպի, անտեսեց Հայաստանը։ Անցյալում Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի նախագահները գալիս էին Հայաստան։ Լայենը միանգամից գնաց Բաքու, ասաց, որ նրանք իրենց գործընկերներն են։ Փողի, նավթի և գազի ֆոնին մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատական արժեքները խամրում են։ Միայն մենք դա չենք հասկանում, բոլորն այդ մասին գիտեն, և միայն մենք ենք միամիտ»,- ասաց գիտնականը:

«Հակադրվելով Ռուսաստանին, քննադատելով բռնապետություններին՝ Իրանը, Բելառուսը, Ռուսաստանը, կարծում էինք, թե ժողովրդավարական աշխարհը կկանգնի մեր կողքին։ Ստացվեց այնպես, որ մենք փչացրինք մեր հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, այնտեղ Ալիևն իր ազդեցությունը մեծացրեց, և հիմա նա փաստացի ՀԱՊԿ-ի անդամ է, նրան վերաբերվում են՝ որպես ընկերոջ։ Մեր ռեժիմն ընկալում են՝ որպես արևմտամետ, «թավշյա թշնամի», դրա համար մենք պարտվեցինք նաև այնտեղ։ Իսկ ժողովրդավարական աշխարհը, որը մեր կարծիքով՝ պիտի մեզ հետ լիներ, կանգնեց Ադրբեջանի կողքին։ ԱՄՆ Պետքարտուղարությունն ասաց, որ իրենց շահերն Ադրբեջանում են։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը պնդում էր, որ չի կարելի օգնել Ադրբեջանին, այդ պետությունը խոշտանգում է հայ զինվորներին, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ կա։ Նման թատերական տեսարաններ մենք շատ ենք սիրում, բայց արդյունքում՝ ոչինչ չփոխվեց, Պետդեպն ասաց, որ իրենք ոչինչ չեն անելու»,- նշեց քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը չկանգնեց մեր կողքին այն պայմաններում, երբ մենք ՌԴ-ի նավից նետվեցինք ջուրը, արդյունքում՝ կորցրինք Ռուսաստանին, Արևմուտքն էլ մեզ չվերցրեց իր նավը, այդ պատճառով մենք երկու աթոռների միջև ենք. «Դժվար է հասկանալ, թե ինչ է լինելու մեզ հետ։ Եթե նայենք նախադեպերին, մենք արդեն Թուրքիայի կազմում ապրելու փորձ ունենք։ Մենք ունեինք Արևմտյան Հայաստան՝ Վան, Էրզրում, Մուշ, Բիթլիս, և մենք գիտենք, թե դա ինչով ավարտվեց։ Գիտենք նաև, թե ինչ է լինում, երբ հայերը, ապրելով Թուրքիայում, Արևմուտքից օգնություն են խնդրում։ Արևմուտքը գեղեցիկ խոսքերով մեզ կերակրում է, հետո Թուրքիան մեզ դիտարկում է որպես թշնամի և վերացնում է, ցեղասպանում։ Երկու տարի առաջ Արցախում պատերազմ էր, և մենք տեսանք, որ հարյուր տարի անց Թուրքիան դարձյալ մեր թշնամին է։ Ինչո՞ւ ենք մենք դա դժվարությամբ հասկանում։ Նրանք չեն թաքցնում իրենց ծրագրերը՝ ստեղծում են Մեծ Թուրան, խոսում են համաթուրքական բանակի, ռազմական ինտեգրացիայի մասին, Թուրքիայի ազդեցությունն աճում է Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:

«Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են մեկ պետություն ստեղծել, ասում են՝ մեկ ազգ, երկու պետություն։ Եվ ո՞վ է նրանց խանգարում։ Պետք է նայել քարտեզին և հասկանալ՝ մեր այդ 30 կմ-ն ոսկորի պես մնացել է նրանց կոկորդում, չենք թողնում, որ այդ ժողովուրդները միանան։ Թուրքիայի հետ պիտի լինեն բնականոն հարաբերություններ և խաղաղ գոյակցություն, բայց այդ երկիրը որևէ զիջման գնո՞ւմ է։ Նա չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, որևէ կերպ չի փորձում խոսել անցյալի մասին, վերականգնել Արևմտյան Հայաստանի մշակութային վայրերը։ Նրանք մեզ հետ խոսում են ուժի դիրքից, իսկ Ադրբեջանը, որն արդեն փաստացի թուրքական պետության մի մասն է, ասում է, որ իրենց պետք են Զանգեզուրը, Սևանն ու Երևանը։ Ինչո՞ւ մենք սա չենք նկատում ու հասկանում»,- ամփոփեց քաղաքագիտության դոկտորը:

Տեսանյութեր

Լրահոս