«Կանգնած ենք մեծագույն աղետի առաջ. երաշխավորված կործանարար պատերազմ է սպասվում». Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները միջազգային հարաբերություններում ոչ ոք չի կարողանում հասկանալ, որովհետև իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ներկայացրած առաջարկներին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Իրենց Հայաստանի ամենապրոռուսական իշխանություններից մեկը համարող Ալեն Սիմոնյանն ասել է, որ ՀԱՊԿ-ից սպասելիքները չեն արդարացել, դրա համար էլ փաստաթուղթը չի ստորագրվել: Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ գործող իշխանություններն այս ամենն օգտագործելով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսեն, թե՞ ինչպես Պեսկովն էր հայտարարել՝ Հայաստանը, իհարկե, կմնա ՀԱՊԿ-ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել։

«Նախ, որ այս իշխանությունները վաղուց են ուզում, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և այդ մասին խոսել են բարձր մակարդակի հայտարարություններով, նորություն չէ: Ավելին, Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը, որպես «Ելք» խմբակցության ղեկավար՝ համահեղինակել էր ԱԺ հայտարարության նախագիծ, որը նախատեսում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Հետո, երբ ինքը եկավ իշխանության, Հայաստանի անվտանգության խորհուրդը համալրեց այնպիսի գործիչներով, որոնք ունեն ընդգծված հակառուսական տրամադրություններ:

Այսօր էլ մեր ԱԽ 9 անդամների կեսը մինչև իրենց պաշտոնները զբաղեցնելը աչքի են ընկել հակառուսական ակտիվ գործողություններով: Նիկոլ Փաշինյանը իր շուրջը ձևավորել է անհասկանալի մեթոդաբանությամբ ընտրված արտախորհրդարանական ուժերի մի ձևաչափ, որտեղ ընդգրկված գրեթե բոլոր գործիչները, որոնց դժվար է քաղաքական գործիչ անվանելը, ունեն ընդգծված հակառուսական տրամադրություններ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը, ներկա իշխանությունների դեմքով, ըստ էության, թշնամաբար է տրամադրված ՀԱՊԿ-ի առանցքային երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ: Թշնամաբար տրամադրվածության պայմաններում ակնկալում են ռազմավարական գործընկերոջ վերաբերմունք և աջակցություն. Նման բան չի կարող լինել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենք Հայաստանի ամենապրոռուսական իշխանություններից են, նա արձագանքեց. «Ես չեմ ուզում Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել. Ասողն ո՞վ է: ԱԺ նախագահը, որն ունի բժշկի կարիք, որովհետև այսօրվա օրենքի փոփոխություններով նրա համար նախատեսվում է անձնական բժիշկ: Նրա կարծիքները կարող են հետաքրքրել նրա բժշկին, որովհետև բժշկի կոնկրետ մասնագիտացումը չեն նշում»:

Էդգար Ղազարյանի խոսքով՝ գործող իշխանությունների նպատակը լարվածության հրահրումն է երկրում:

Հարցին՝ իրենց ինչո՞վ է ձեռնտու այդ լարվածությունը, նա պատասխանեց. «Իրենք, իմ խորին համոզմամբ, սպասարկում են ադրբեջանաթուրքական օրակարգ, իսկ ադրբեջանաթուրքական շահերի համար նպաստավոր է, որ Հայաստանը հակադրվի իր ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: Ես պաշտոնական հաղորդագրություններով ուսումնասիրել եմ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, այցելությունները և հեռախոսազրույցները վերջին մեկ տարվա ընթացքում. Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունից հետո Նիկոլ Փաշինյանի շփումները, հանդիպումները և հեռախոսազրույցները հիմնականում այն երկրների հետ են, որոնք այս պահին փաստացի պատերազմում են ՌԴ-ի դեմ: Դրան որ ավելացնեք ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի գրաֆիկը, պատկերը միանգամից կամբողջանա:

Հիմա այդ մարդիկ, որպես մեր ՀԱՊԿ գործընկերներ, հնարավորություն չունե՞ն այդ ամենին հետևելու: Հետևում են և տեսնում են, թե դու ինչ վերաբերմունք ես իրենց հանդեպ ցուցաբերում, և ըստ դրա էլ ձևավորվում է այդ կազմակերպության վերաբերմունքը: Մեզ մոտ էլ դա պատճառ են դարձնում՝ ձևավորելու հակառուսական տրամադրություններ, հակառուսական քարոզչություն: Այսօր էլ Ալեն Սիմոնյանը, դեռ մինչև իր բժշկի պարտականությունների կատարման անցնելը, ասել է, որ ՀԱՊԿ-ը ուզում է դուրս գա այս տարածաշրջանից, և այլն: Այսինքն՝ ինչի՞ համար է ուզում, եթե դա ոչ թե ձեր ցանկությունն է, այլ ՀԱՊԿ-ի, ի՞նչ փոխվեց ՀԱՊԿ քաղաքականության մեջ: Պարզ է, որ իրենց քաղաքականության մեջ են այդ փոփոխություններն արվում, ձևավորելով հակառուսական տրամադրություններ»:

Էդգար Ղազարյանն ընդգծեց՝ կանգնած ենք մեծագույն աղետի առաջ. «Ադրբեջանին իր իրականացրած գործողությունների համար որևէ մեկը պատժի և պատասխանատվության չի ենթարկում: Այս ամենը կանխելու հնարավոր միակ ձևն իշխանափոխությունն է. դա ևս չի կարող երաշխիք հանդիսանալ, որովհետև իրավիճակի սրությունը բարձր աստիճանի է, բայց ակնհայտ է, որ այս իշխանության պարագայում երաշխավորված կործանարար պատերազմ է մեզ սպասվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում  

Տեսանյութեր

Լրահոս