Էպոսագետը չի զարմանա, եթե Մարտի 1-ի մեջ էլ մեղադրեն

«Առայժմ պետությունից որևէ մեկն ինձ չի մեղադրում:  Խորապես վստահ եմ, որ ընտրություններից հետո կմեղադրեն, մինչ այդ գրած կլինեն ցանկալի թվերը, միջազգային դիտորդները հեռացած կլինեն: Երբ քաղաքական գործընթացները կավարտեն, մեղադրանք կառաջադրեն և  կձերբակալեն»,- հայտարարեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետը համոզված է, որ իր ձերբակալությունը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Նա նշեց, որ հետահայաց նայելով անցյալ տարվա մամուլի հրապարակումներին՝  հասկանում է, որ այդ ամենը միտումնավոր է արված: Նրա խոսքերով, սկզբում իրեն կապեցին Նաիրի Հունանյանի հետ, հետո Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, հետո պարզվեց, որ ինքը Ռուսական ծառայությունների, այնուհետև՝ իրանական ծառայությունների գործակալ է: Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ ինքը չի զարմանա, որ պարզվի՝ ինքը կապ ունի նաև Մարտի 1-ի հետ: Նրա խոսքերով, հանրությանը ներկայացնում են Վարդան Սեդրակյան ահաբեկչի կերպար:

Վարդան Սեդրակյանը պարզաբանեց, թե ինչ կապ ունի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի գործով ձերբակալվածների հետ: Նա շեշտեց, որ վերոհիշյալ անձանցից մեկը վերանորոգել է Եղվարդի իր առանձնատունը, մյուս ձերբակալվածն էլ, որը տաքսիստ է եղել, նրան տարել է Եղվարդ ու ետ բերել: Նա հայտարարեց, որ «Վոլվո» մեքենան չի նվիրել կասկածյալին, պարզապես վաճառել է՝ պայմանով, որ, երբ ամբողջ գումարը կտա, այդ ժամանակ ձևակերպումները կանեն:

Վ. Սեդրակյանը հայտարարեց, որ այն տեղեկատվության տարածումից հետո, որ ձերբակալվածները Քանաքեռից են և վերանորոգել են իր տունը, մարզային մի շարք հեռուստաընկերություններ հրաժարվել են իրեն եթեր տրամադրել: Էպոսագետը ասաց, որ պահանջում է, որպեսզի համապատասխան կառույցները հանդես գան հայտարարությամբ և ասեն, ի վերջո, ինքը մեղավո՞ր է, թե՞ ոչ: «Այս ամենն ինչ արվում է իշխանությունների կողմից, թե որքանով կհաջողվի, չեմ կարող ասել, բայց ես ամեն ինչ կանեմ, որ չհաջողվի»,- նշեց էպոսագետը:

Կարդացեք նաև

Վարդան Սեդրակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք կասկածյալներն իրականում մեղավոր են, թե՞ ոչ, բայց նշեց՝ այն, որ նրանք կիսագրագետ են և  քրեական անցյալով են, հստակ է։

Տեսանյութեր

Լրահոս