Խոսել եմ Փաշինյանի որդու՝ Աշոտիկի հետ որդուս նկարը մոր կողմից հրապարակելու հարցով. Վիգեն Ազատյան

Այսօր Քննչական կոմիտեում իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Արման Ազատյանի հայրը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից, առանց իրենց հարցնելու, իր զոհված որդու շիրիմի, կնոջ ու նորածին որդու լուսանկարը տարածելուն, այն հեռացնելու իր պահանջին ու հաջորդած զարգացումներին, ասաց՝ ինքը խոսել է Աննա Հակոբյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ:

«Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, որ ես խոսել եմ նրա որդու հետ՝ Աշոտիկի: Իր բառերից ելնելով՝ հասկացվեց հետևյալը, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու՝ իմ ընտանիքի նկարը տեղադրի ու ինչ-որ անիմաստ, աբսուրդ, անկապ տեքստ գրի»,- ասաց Վիգեն Ազատյանը:

Փոխանցելով Աշոտ Փաշինյանի բառերը՝ Վիգեն Ազատյանն ասաց, որ նրա մայրը մեկնաբանում է, թե ինքը ոչ մի վատ բան չի արել:

«Մեկնաբանում է՝ ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն: Իմ պատասխանը հետևյալն էր՝ դու իրավունք չունես ոչ մեծարելու, նամանավանդ ոչ էլ պախարակելու»,- լուսանկարը հեռացնելու՝ Աննա Հակոբյանին ուղղված իր պահանջը պնդեց Արման Ազատյանի հայրը:

Կարդացեք նաև

Վիգեն Ազատյանը հավելեց՝ բանակցությունները շարունակվում են:

«Շարունակվում են մեր, այսպես ասած, հարցերն իրար մեջ: Ինչ կլինի, կտեսնենք, էլի»,- ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե ի՞նչ կանի, եթե, այնուամենայնիվ, չհեռացնեն լուսանկարը:

«Աբսուրդ կլինի հիմա ասել, թե ինչ եմ պատրաստվում անել»,- ասաց Վիգեն Ազատյանը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն էր կատարել, որը հարուցել էր զոհված զինծառայողների հարազատների վրդովմունքը:

«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից  թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։ Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Վիգեն Ազատյանը:

Նահատակված զինծառայողի հայրն ասել էր, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել:

«Ոչ մի ձև չեմ կարողանում իր էջում բան գրեմ։ Էսքանից հետո տականքն իրեն թույլ է տվել մտնել մեր ընտանիքներ, խոսի մեր որդիների մասին, բառերով մեռել, բառերով  թաղել․․․ Մարդ ինչքան անբարոյական, տականք պետք է լինի, որ չհասկանալով թե գիտակցված՝ 20 տարեկան երիտասարդի մասին նման բառեր օգտագործի, հերոսի մասին նման բառեր օգտագործի, տակն էլ նրա ընտանիքի անդամների նկարները տեղադրի․․․»,- ասել էր նա ու ժամանակ տվել, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։

Լուսանկարը, սակայն, մինչ օրս հեռացված չէ: 

Տեսանյութեր

Լրահոս