Ի՞նչ է ցանկանում Բլինքենը Փաշինյանից ու Ալիևից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո, նախօրեին զրուցեց նաև Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես առաջին հեռախոսազրույցի ընթացքում, այնպես էլ երկրորդում` նա հստակ զգուշացումներ, կոչեր էր հղել Փաշինյանին ու Ալիևին, ինչը կարելի է որակել ոչ միշտ հանդիպող դիվանագիտական տոնայնություն:

Մինչ ՀՀ կառավարությունը թվարկել էր, թե Փաշինյան-Բլինքեն զրույցում ինչ թեմաներ ու հարցեր են քննարկվել, ամերիկյան կողմը պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսի միջոցով հայտնեց.

«Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ աջակցելու երկկողմ խաղաղության քննարկումներին նոյեմբերի 7-ին կայացած բանակցություններից հետո: Նա ընդգծել է, որ երկու կողմերն անհրաժեշտ են համարել պահպանել բանակցությունների թափը և խուսափել սադրանքներից: Նա նաև հորդորել է շարունակել ընթացքը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին»:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ալիևի հետ զրույցը եղավ ոչ թե Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին զուգահեռ, այլ մի քանի օր անց: Կրկին Նեդ Փրայսը հաղորդեց.

«Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է  ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես պայմանավորվել են Վաշինգտոնում: Նա հորդորել է նախագահ Ալիևին՝ պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցներ՝ խաղաղության հիմք ստեղծելու համար»:

Ռուս քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու հաղորդագրություններում բանակցությունները շարունակելու մասին հորդոր կա, քանի որ, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը սահմանային իրավիճակի մասին տվյալներ, տեղեկություններ ունի, որ բանակցային գործընթացը կարող է խզվել, և այն ամբողջ արդյունքը, որը կուտակվել է Բրյուսելում ամիսներ շարունակվող բանակցություններում, կարող է պարզապես կորսվել: Բնականաբար, ըստ նրա, ԱՄՆ-ի համար խնդիր չէ այսօր իրավիճակի ճիշտ ուսումնասիրությունը, հատկապես, երբ տեղում կան ԵՄ դիտորդներ:

«Եթե բրյուսելյան գործընթացը տապալվի, ապա, բնականաբար, այլ երկրների համար հնարավորություններ կբացվեն մրցակցող աշխարհաքաղաքական իրավիճակում, մասնավորապես՝ Ռուսաստանի, ինչո՞ւ ոչ՝ Իրանի համար։ Իրանը վերջերս առաջ է մղում 3+3 գաղափարը՝ առաջարկելով բոլոր հարցերը լուծել միմիայն ռեգիոնում:

Նոր իրավիճակում, երբ արդեն փլված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և արդեն հրապարակային խոսվում է դրա մանդատը վերացնելու մասին, քանի որ ըստ էության այն ավելորդ է, և միջնորդները բաժանվել ու առանձին գործունեություն են ծավալում, չկա Մինսկի խումբ, չկա այդ մանդատի ճանաչում, և չկան, այսպես կոչված, ավանդական միջնորդներ, որոնք սովորաբար եղել են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Թեև պետք է նաև ընդունել, որ այս երեք երկրները պահպանում են որոշակիորեն իրենց դերը, բայց փոխվել է այն, որ ԵՄ-ն ևս միջնորդում է, Թբիլիսիում ևս ամռանը նախարարական հանդիպում տեղի ունեցավ, Պրահայում վերջերս տեղի ունեցած հանդիպումը քառակողմ բնույթ էր կրում Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ: Ուստի հիմա նոր ձևաչափեր են գործադրվում: Եվ ԱՄՆ-ը փորձում է կանխել երևի թե հենց այդ հնարավոր նոր ձևաչափերի կիրառումը կամ նոր միջնորդների ի հայտ գալը՝ օգտագործելով գերտերության իր ազդեցությունը: Սա, փաստորեն, այսօր ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է դարձել, որտեղ ԱՄՆ-ը զբաղվում է ՌԴ-ի ու Իրանի զսպմամբ»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը և Վաշինգտոնի պայմանավորվածություններին հետևելուն՝ վերլուծաբանն ասաց, որ Վաշինգտոնում կողմերը բանակցությունները շարունակելու և ակտիվացնելու պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ բարձրաստիճան վերջին պայմանավորվածությունների համաձայն:

«Ամերիկյան կողմը հանդիպումների կոնկրետ ամսաթվեր է ակնկալում, գուցե՝ բարձրաստիճան: Առաջիկա շաբաթները ցույց կտան, թե որտեղ, ինչ կքննարկեն Հայաստանն ու Ադրբեջանը: Բայց որևէ կայուն ու հստակ գործընթաց չի ուրվագծվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս