Հրամայված է Աշոտյանին չեզոքացնել. Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի պատանդները

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը վաղուց է կանգնած Նիկոլ Փաշինյանի և ողջ իշխանական թիմի կոկորդում: Խնդիրն այն է, որ 2018-ի հեղափոխություն կոչվածից մինչ օրս Արմեն Աշոտյանը ամենասուր և, ամենակարևորը, քաղաքականապես ամենաբովանդակալից քննադատողներից է, որը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում բացահայտում է այս իշխանությունների՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական ասպարեզներում տարածած սուտն ու կեղծիքը, դավադրությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Հայաստանի և Արցախի դեմ նրանց ձեռնարկած բոլոր դավաճանական գործողությունները:

Նախորդ շաբաթ օրը՝  նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որ իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։

Նա տեղեկացրել էր նաև, որ «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ այս գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը, 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, որին չորս տարվա ընթացքում չեն կանչել հարցաքննության, ով հայտնի է՝ որպես ՀՀ լավագույն թոքաբան, որպես Վեհափառի բժիշկ։
Աշոտյանի խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»։

«Դալշեն», փաստորեն, տրվել է, որովհետև Միքայել Նարիմանյանին բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց, ինչպես նաև «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ երիտասարդ կնոջը քրեական վարույթով ներգրավելուց հետո ցանկալի արդյունքի ըստ ամենայնի չհասնելով՝ այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել «գործի» վերաբերյալ, որում ասվում է.

Կարդացեք նաև

«Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:

Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար»,- գրված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մ.Ն.-ն պրոֆեսոր Նարիմանյանն է, Մ.Ս.-ն՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահը:

Հաղորդագրության երկարաշունչ «լոլոներին» չենք անդրադառնա՝ դրա փաստական հանգամանքների ապացուցումը թողնելով իրավական տիրույթին, բայց մի նախադասություն, այնուամենայնիվ, բավականին ուշագրավ մեսիջ էր պարունակում իր մեջ:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

«Թարգմանենք» դատախազության հաղորդագրությունը. այսպիսով, դատախազությունը բառացի ասում է՝ այս մարդիկ պատանդ կլինեն այնքան ժամանակ, նրանց գլխին քրեական հետապնդման վտանգը կախված կլինի այնքան, մինչև որևէ մեկը ցուցմունք կտա Արմեն Աշոտյանի դեմ, որովհետև ակնհայտ է, որ ոչ պրոֆեսոր Նարիմանյանը, ոչ էլ առավել ևս բուհ-ի արհեստակցական միության նախագահը չեն Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ մարմինների թիրախները: Նիկոլ Փաշինյանին պետք է այս փուլում չեզոքացնել Արմեն Աշոտյանին, և դա ամեն գնով պետք է արվի, անգամ, եթե դրա գինը առողջական լրջագույն խնդիրներ ունեցող, 168.am-ի տեղեկություններով՝ այս պահին հիվանդանոցում գտնվող տարեց բժշկին կամ երիտասարդ կնոջը ազատազրկելն է: Բարոյականության բոլոր սահմանները հատած, որևէ կարմիր գիծ չունեցող այս իշխանության համար դա խնդիր չէ:

Եվ սա այն դեպքում, երբ անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն է հրաժարվել այս անհեռանկար գործն իր հաշվեկշռում պահելուց:

Դատախազության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ցանկալի ցուցմունքն Աշոտյանի դեմ, այնուամենայնիվ, չի ստացվել, բայց Աննա Վարդապետյանն ու Արգիշտի Քյարամյանը, ենթադրաբար, մի կողմ կդնեն իրենց տարաձայնությունները՝ այս գործով ցանկալի արդյունք ապահովելու համար:

Այս իշխանության ու նրա իրավապահ մարմինների համար խնդիր չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, անիրական թվեր հրապարակել, հնչեղ անուններ տալ, քրեական գործ հարուցել, ապա որոշ ժամանակ անց կամ քնեցնել այն, կամ կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս իշխանության ու նրա իրավապահ մարմինների համար խայտառակվելը խնդիր չէ, միայն թե տվյալ րոպեին կատարվի Նիկոլ Փաշինյանի կամքը:

Այդպես եղավ «Այբ» կրթական հիմնադրամի, ինչպես նաև ԵՊՀ-ի ու նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանի առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում, երբ նրանց վերագրվում էր համապատասխանաբար 8.3 և 800 միլիոն դրամի չարաշահումների մեղադրանք, սակայն հետո երկուսն էլ բարեհաջող կերպով «ջրվեցին», որովհետև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իրավապահների համար էր խնդիր հեքիաթ հյուսել:

Վստահաբար այսպես է լինելու նաև այս դեպքում, և այս պատմության մեջ ամենանողկալին այն է, որ թե Աննա Վարդապետյանը, թե Արգիշտի Քյարամյանը վստահ են դրանում, բայց որտեղ կա Նիկոլ Փաշինյանի կամքը, այնտեղ զրոյացվում են բոլոր համոզմունքները:

Ինչևէ, մենք, իհարկե, կհետևենք այս գործի հանգուցալուծմանը, բայց այս պահին արձանագրենք՝ Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն չեն խորշում որպես պատանդ պահել անձանց՝ ցանկալի ցուցմունքներ կորզելու համար:

Ի դեպ, Քննչական կոմիտեում պետք է որ լավ իմանան՝ ինչ հանցակազմ է սուտ մատնության հոդվածը, և զգույշ, շատ զգույշ լինեն ցուցմունքներ կորզելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս