G7-ի ԱԳՆ ղեկավարները Թայվանի խնդրի խաղաղ լուծման կոչ են արել
G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության կարեւորությունը՝ կոչ անելով Թայվանի հարցի խաղաղ լուծման: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Բացի դրանից, գործակալության տվյալներով՝ հանդիպման մասնակիցները նշել են «ազատ եւ բաց Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման կարեւորությունը: Այդ հայեցակարգն առաջ են տանում Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ նրանց դաշնակիցները:
Դրա հետ մեկտեղ կողմերը քննարկել են Չինաստանի նկատմամբ քաղաքականությունն այն բանի հաշվառմամբ, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը վերընտրվել Է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմաս Հայասիի խոսքով՝ անհրաժեշտ Է Չինաստանից պահանջել, որ նա «կատարի իր պարտավորությունները որպես տերություն»:
«Միեւնույն ժամանակ մենք պետք Է (նրան) հաղորդենք պատրաստակամություն՝ համագործակցելու մեր դիրքորոշումների հիման վրա այն բնագավառներում, որտեղ հնարավոր Է համագործակցությունը»,- մեջբերել Է նրա խոսքը NHK հեռուստաալիքը:
G7-ի ԱԳՆ ղեկավարները նաեւ դատապարտել են ԿԺԴՀ-ին նրա հրթիռային արձակումների համար, որոնք վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել են: Դա տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված Vigilant Storm համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք հինգ տարվա ընթացքում ամենաընդգրկունն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: