«Ինձ, օրինակ, հաճելի չէ այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ». Սուքիասյանը՝ Քերոբյանին
ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երկխոսությունը «հախուռն» ստացվեց: Թիմակիցները միմյանց փորձում էին համոզել սեփական ճշմարտացիության մեջ:
«Եղած արդյունաբերությունը, որը 30 տարի ինչ-որ մի մասը թալանվել է, մի մասն էլ պիտանի չի էլ, ի՞նչ ներուժ է, ինչ գին ունի՝ հենց «Նաիրիտից» սկսած»,- մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ ունեն մի քանի բիզնես նախագիծ, որոնք 100-150 միլիոն եվրոյի նոր ներդրում են պահանջում, ինչպես նաև՝ եղած պարտքային ստրուկտուրայի զրոյացում։
«Այսինքն՝ եթե գա ներդրող, և պետությունը համաձայնի եղած պարտքերը զրոյացնել, ապա հնարավոր է վերագործարկել, և դա կլինի եկամտաբեր բիզնես»,- մանրամասնեց նա:
Խաչատուր Սուքիասյանը հակադարձեց․ «Ես ուրիշ հարց տվեցի. մեր պոտենցիալն ի՞նչ արժեք ունի։ Եթե 150 միլիոն դնում են, ինչի՞ վրա են դնում, 20 միլիոն դոլարի՞, թե՞ 500-ի»։
«Նաիրիտի վրա»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
Սուքիասյանին պատասխանը չգոհացրեց․ «Որ ասում է՝ 150 միլիոն դնեմ, բա չեք ասո՞ւմ՝ ինչի վրա եք դնում: Այդ արժեքն ինչքա՞ն է՝ ոչ միայն Նաիրիտը, մեր մնացած ամբողջ քիմիական շղթան»:
«Եթե խոսենք բովանդակությունից, այսօր ամենակարևոր արժեքը մարդիկ են, որոնք դեռ կան։ Առանց նրանց ոչ մի բան չի աշխատի»,- արձագանքեց նախարարը:
Ի վերջո, Քերոբյանի մեկնաբանություններից հետո Սուքիասյանը դժգոհեց. «Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են տալիս, ձեր խոսելուց ասում եք՝ պայմանավորվել ենք, արել ենք… Ինձ, օրինակ, հաճելի չէ այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ։ Ես ոչ մի թիվ ու ծավալի մասին չլսեցի. այդքան հարց տվեցինք»։
«Պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ քննադատության համար, բայց իմ ողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա՝ այն, որ ՀՀ-ն ունի 14.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ, որ արտաքին առևտրաշրջանառությունը 60 տոկոսով աճել է, դրանք թվեր չե՞ն»,- հետաքրքրվեց նախարարը:
Խաչատուր Սուքիասյանը ձայնը բարձրացրեց․ «Ես կարծում եմ՝ պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարներ չկորցնեին։ Մարդիկ իրենց տները տանում դնում են, վարկ են վերցնում, չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հիմա էլ դուք ինձ ասում եք՝ 14.1 տոկոս. 14.1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի՛ վերցրեք ձեզ վրա:
Ես ձեզ հարցեր եմ տալիս՝ այլ պատասխան եմ ստանում, շնորհակալություն, ես բավարարված եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում