Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի նպաստում խաղաղությանը Կովկասում. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը կովկասյան վեճի կարգավորման ճիշտ ճանապարհ է համարում «3+3» ձեւաչափով հանդիպումները եւ տարածաշրջանային մեխանիզմը, տեղեկացրել է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ժամանակ Ամիր Աբդոլահիանը Բայրամովին հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես միշտ, ջանքերն ուղղում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի լուծմանը դիվանագիտական եւ տարածաշրջանային ուղիներով։

Ամիր Աբդոլահիանը նշել է իրանա-ադրբեջանական լավ հարաբերությունների մասին՝ հավաստիացնելով, որ Աստանայում վերջերս երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ համաձայնություն է հայտնվել, որ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ադրբեջանինը։

«Մենք միշտ համարել ենք, որ օտարերկրյա տերությունների ներկայությունը տարածաշրջանում էլ ավելի է բարդացնում վեճերը, դրա համար էլ մենք դեմ ենք նրանց ներկայությանը»,- ավելացրել է Իրանի արտգործնախարարը։

Իրանցի դիվանագետը նաեւ հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսականորեն կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, եւ Իրանը Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը եւ դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, ինչը սպառնալիքի տակ է դնում խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ ամուր տարածաշրջանային համագործակցությունը։

Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ամիր Աբդոլահիանին այն բանի համար, որ նա մասնրամասն ներկայացրել է իր բանակցությունների արդյունքները Հայաստանի պաշտոնական անձանց հետ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ։

Բայրամովը հայտարարել է, որ նույնպես դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Նա իր երկրի համաձայնությունն է հայտնել տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու հարցում, ներառյալ «3+3» ձեւաչափով հանդիպումները։

Տեսանյութեր

Լրահոս