«Բանակից ազատվելու 24 միլիոնի նախագիծը հասարակության մեջ դժգոհություն էր առաջացրել». Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, որ շուրջ 2 ամիս առաջ  քննարկման դրված ՊՆ-ի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ընդամենը 4 ամիս ծառայել, ապա 24 միլիոն դրամ վճարել և ազատվել ծառայությունից, այս պահին չեղարկվել է, ասաց, որ այդ նախագծը հասցրել էր հանրային մեծ դժգոհություն առաջացնել։

Պատգամավորի խոսքով՝ հենց սա է եղել պատճառը, որ Կառավարությունը չեղարկել է նախագիծը․

«Իհարկե, մեր հասարակության մեջ կային խմբեր, որոնք կարծում էին, որ այդ 24 միլիոնի նախագիծը հնարավորություն էր տալու նաև իրենց որդիների ծառայությունը նվազեցնելու առումով, բայց նաև ադրբեջանական վերջին ագրեսիան ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգություն ասվածը կամ անվտանգության բացակայությունը միայն չի վերաբերում սահմանագծում կանգնած զինծառայողին, որովհետև այդ անվտանգության չապահովման պայմաններում, սկսած մայրաքաղաք Երևանից, վերջացրած ՀՀ այն մարզերով, որոնք նույնիսկ Ադրբեջանին սահմանակից չեն, իրենց վրա զգալու են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Ցանկացած նախագիծ քննարկելիս, հատկապես, երբ դա վերաբերում է պաշտպանական բնագավառին, պետք է հաշվի առնել ոչ միայն դրա անհատական օգուտները, այլ պետք է դիտարկել ընդհանուր պրոցեսների համատեքստում։

Կարդացեք նաև

Այսօր ունենք իրավիճակ, երբ անկախ նրանից՝ քաղաքացին զինապարտ է, զինապարտ չէ, խաղաղություն է ուզում, թե ինչ է ուզում, դա նրա տրամադրությունից կախված չէ։ Ադրբեջանի վարքը և՛ 44-օրյա պատերազմի օրերին, և՛ դրանից հետո Հայաստանի նկատմամբ՝ 3, Արցախի նկատմամբ՝ 2 ագրեսիաների միջոցով արդեն իսկ ցույց է տվել, որ անվտանգություն ասվածն Արցախի և Հայաստանի դեպքում գրեթե գոյություն չունի։ Դրանց կանխման, զսպման մեխանիզմներ գոյություն չունեն, որովհետև այս 4 տարվա ընթացքում ինչ հնարավոր էր՝ արդեն ոչնչացրել են՝ անվտանգության բարձիկների առումով, և այս պայմաններում անվտանգությանը վերաբերող բոլոր նախագծերը պետք է դիտարկել այդ տեսանկյունից»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս