Հայաստանում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելություններն ունեն տարբեր մանդատներ և չեն կրկնելու միմյանց աշխատանքը

Եվրոպական Միությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ՝ հստակություն մտցնելով որոշ հարցերի վերաբերյալ:

Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիթորինգային առաքելություն ուղարկում Հայաստան

Մոնիթորինգային առաքելություն ուղարկելու որոշումն արձագանքն է ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկով հոկտեմբերի 17-ին արտաքին հարցերով խորհուրդը որոշում է կայացրել դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Առաքելությունը մանդատ ունի հետևել իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար: Դա նաև ԵՄ-ին հնարավորություն կտա ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

Ի՞նչ է անելու ԵՄ առաքելությունը Հայաստանում

Հայաստանում ԵՄ առաքելությունը երկու հիմնական առաջադրանք է կատարելու:

Աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը՝ հետևելով երկու կողմերի կողմից հրադադարի պահպանմանը:
Տեղերում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական և հատուկ հաշվետվությունների միջոցով ԵՄ առաքելությունը կհետևի իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Դա հնարավորություն կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին:
Որտե՞ղ են տեղակայվելու դիտորդական առաքելության փորձագետները

Առաքելության պատասխանատվության գոտին կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ հայկական կողմից:

Արդյոք ԵՄ առաքելությունը ռազմական առաքելությո՞ւն է

Ոչ, տեղակայվելու են միայն քաղաքացիական դիտորդներ:

Քանի՞ հոգուց է բաղկացած ԵՄ մոնիթորինգային առաքելությունը

Առաքելության կազմում են մինչև 40 քաղաքացիական դիտորդներ, որոնք տեղակայվելու են երկու ամիս ժամկետով:

Տեղակայվելու է արդյոք նմանատիպ մոնիթորինգային առաքելություն Ադրբեջանում

Ոչ, դիտորդական առաքելությունը տեղակայվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանին՝ հայկական կողմից: Հիմնական նպատակն է կողմերի միջև վստահության ամրապնդումը՝ նրանց կողմից հրադադարի պահպանմանը հետևելու ճանապարհով:

Ի՞նչ դերակատարում ուներ տեխնիկական գնահատման առաքելությունը, որը հոկտեմբերի 14-ին այցելել էր Հայաստան

Տեխնիկական գնահատման առաքելության նպատակն էր ճանապարհ հարթել երկրում դիտորդական առաքելության տեղակայման համար: Նրա դերակատարումն էր անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, տեղում իրավիճակի գնահատումը, շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատումը:

Ո՞րն է Վրաստանում ԵՄ առաքելության դերակատարումը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման գործում:

Հայաստանում ԵՄ առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար տեղակայվում են Վրաստանում ԵՄ առաքելության փորձագետները: Վրաստանում ԵՄ առաքելությունը օպերատիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի դա չազդի առաքելության աշխատանքի վրա: Առաքելությունը կշարունակի իր աշխատանքը Վրաստանում գործունեության բոլոր ուղղություններով: Դա ենթադրում է վարչական սահմանների շուրջօրյա մոնիթորինգ Վրաստանում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Վրաստանում ԵՄ առաքելությունը շարունակում է ամբողջությամբ հավատարիմ մնալ իր մանդատին:

Ի՞նչ է դիտարկելու Հայաստանում ԵՄ առաքելությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը զեկուցելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության մասին: Դա ԵՄ-ին հնարավորություն կտա ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին: ԵՄ առաքելության դիտորդները կհետևեն իրադարձություններին սահմանի երկայնքով, ներառյալ մարդու իրավունքների հետ կապված իրադարձությունները: Նրանք քննչական գործողությունների լիազորություններ չեն ունենալու:

Հայաստանում ԵՄ առաքելությունը եզրակացություններ տալո՞ւ է այն մասին, թե որ կողմն է էսկալացիա սկսել սեպտեմբերի 13-ին և կտա՞ առաջարկներ հետագա սրացումները կանխելու քայլերի վերաբերյալ:

ԵՄ առաքելության անդամները սահմանին իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին կզեկուցեն ԵՄ համապատասխան կառույցներին: Այն կամայական դեր չի ստանձնելու կամ իր դիտարկումների հիման վրա քաղաքական բնույթի եզրահանգումներ չի անելու:

Համագործակո՞ւմ են արդյոք Հայաստանում ԵՄ առաքելությունը և ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունը:

Դրանք երկու տարբեր առաքելություններ են, որոնք ունեն տարբեր մանդատներ: ԵՄ-ի առաքելությունը կապը պահելու է միջազգային բոլոր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ: ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունները չեն կրկնում միմյանց աշխատանքը:

Արդյոք ԵՄ առաքելությունը միակ միջո՞ցն է, որով ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաէսկալացմանը:

ԵՄ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ պրոցեսին: ԵԽ նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում 4 եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Դրանցից առաջինը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց 10 գերիների, ինչպես նաև պայմանավորվածություններ էին ձեռք բերվել խաղաղ գործընթացի ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ: Հաջորդ հանդիպումները կայացել են 2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին: ԵՄ արտաքին հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը պարբերաբար շփումներ է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Բրյուսելում հանդիպում է կայացել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև, որը կազմակերպել էր ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԵԽ նախագահի խորհրդական Մագդալենա Գրոնոն: Կլաարը նաև մասնավոր անձնական խորհրդակցություններ է անցկացրել երկու կողմերի ղեկավարության հետ՝ իր մանդատին և առաջադրանքներին համապատասխան, որոնք ստացել է Ժոզեպ Բորելից:

Տեսանյութեր

Լրահոս