Ակնկալում եմ անհապաղ հանձնարարել իրավական գնահատական տալու ձեր ենթակայի գործողություններին. Լևոն Բաղդասարյանը` Վահրամ Դումանյանին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կառավարության շենքի մոտ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի դասախոս Մխիթար Պատվականյանի միջև տեղի է ունեցել երկխոսություն, որտեղ Մ.Պատվականյանը մեղադրել է նախարարին իր ենթակայության տակ գտնվող քոլեջի կողմից օրինական ուժ ստացած վճիռն ի կատար չածելու, իսկ նախարարին՝ անգործություն դրսևորելու մեջ։ Նախարարը հրապարակային հայտարարեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, չի ճանաչում քաղաքացուն։
Այդ խոսակցությունը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներով, ուստի անում եմ հետևյալ հայտարարությունը։
Լինելով Մ.Պավականյանի ներկայացուցիչը, դեռևս 08.07.2022 թվականին տվյալ դատական գործով գրավոր դիմել եմ նախարարին, տեղեկացնելով, որ օրինական ուժ ստացած դատարանի վճիռը չի կատարվում նախարարության ենթակայության տակ գտնվող քոլեջի կողմից։ Ավելին, դրա հետ կապված ԴԱՀԿ ծառայությունը դիմել է դատախազություն։ Ակնկալել եմ վերջինիս հանձնարարականը՝ քոլեջի կողմից անօրինականնությունները դադարացնելու ուղղությամբ։
22.08.2022 թվականին կրկին դիմել եմ նախարարին, որպեսզի հանձնարարի և իրավական գնահատական տա իր ենթակայության տակ գտնվող պետական քոլեջի տնօրինության կողմից օրինական ուժ ստացած դատական ակտը չկատարելու համար։
Այժմ ևս հրապարակային դիմում եմ ձեզ։ Եթե պետական հաստատությունները չեն կատարում օրինական ուժ ստացած դատարանի վճիռը, ապա վատ նախադեպ է դառնում մասնավոր անձանց համար։
Ակնկալում եմ անհապաղ հանձնարարել իրավական գնահատական տալու ձեր ենթակայի գործողություններին, և որն է պատճառը, որ այս խնդրով արդեն հարուցված է քրեական գործ։ Ի գիտություն նաև ձեզ՝ նախապատրաստվում է դիմում ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի՝ օրինական ուժ ստածած վճիռը պետական լիազոր մարմնի կողմից չկատարելու և վնասի հատուցման պահանջով, ինչի մասին դեռևս 08.07.2022 թվականի ձեզ ուղղված գրությամբ իրազեկվել եք»։