Կդադարեցվի Ռիմա Դեմիրճյանի բնակարանի պետական պահպանությունը
ՀՀ Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկից հանել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը։
Նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ակտի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է հետևյալ կերպ. «ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանի պահպանությունը (ք․ Երևան, Զարուբյաններ 10/1)։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը»։
Նախագծի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանի պահպանությունը։