Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով ադրբեջանական նավթի արտահանումն ավելացել է
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը 10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաղորդում է վրացական BusinessPressMedia-ն՝ հղվելով ադրբեջանական աղբյուրներին։
2022 թվականի 9-ը ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվել է Ադրբեջանի հիմնական նավթատարներով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 78,9 տոկոսը։
Տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբերին տարանցիկ նավթի փոխադրումը կազմել է 3 մլն 580 հազար 300 տոննա, ինչը 42 տոկոսով ավելի է։
Նշենք, որ ներկայումս Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով փոխադրվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի նավթը, ինչպես նաև Շահ-Դենիզ հանքավայրի կոնդենսատը և SOCAR ընկերության նավթը։ Բացի այդ, խողովակաշարով նավթ է փոխադրվում նաև Կասպից ծովի այլ երկրներից։
Ի դեպ, նավթամուղի երկարությունը 1 768 կմ է։ Դրանից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանի, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։