«Սփյուռքը տագնապած է Հայաստանի առկա վիճակով». Արա Գոչունյան
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանում է, նա հանդիպումներ է ունեցել ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հետ:
«Մեզ համար առանցքայինն այն է, որ հայրենի պետականությունը լինի ամուր, հզոր և այդ պետականակերտման գործընթացը շարունակվի երաշխավորված հունի մեջ: Բոլոր ղեկավարների հետ մարդկային հարաբերություններ պահպանված են: Ներկայիս կամ նախկին ղեկավարների հետ մարդկային հարաբերություններ չի նշանակում՝ մտերմություն, բայց հարգանքի մթնոլորտի մեջ, մասնավորապես՝ իրենց փորձը միշտ եղել է ուսուցանելի, ճանապարհ ցույց տվեց: 2.5 տարի Հայաստանում չէի եղել, առիթ ունեցա այցելելու, շփվելու, նորից զրուցելու, ներկայիս իրավիճակի մասին գնահատականներ լսելու: Ես երախտապարտ եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանն իր թանկ ժամանակից տրամադրել է, մեր զրույցն անսպասելի թեմաների շուրջ չի եղել: Ես հնարավորություն եմ ունեցել նույն կերպ զրույց ունենալ նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն է եղել հանդիպումների նախաձեռնողը:
Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն անդրադառնալով՝ վերջերս կրկնել էր միտքը, որ իրենք պարզ ասում են՝ Ադրբեջանից լիովին անկախ շարժվել չեն կարող:
Գոչունյանը նկատեց, որ որևէ նորություն չկա Թուրքիայից հնչող հայտարարություններում. «Սա Թուրքիայի 30 տարվա վարած քաղաքականությունն է: Ինձ թվում է՝ վարչապետ պարոն Փաշինյանի ղեկավարության համար էլ անակնկալ չէ այս ամենը: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Հայաստանը 30 տարի է՝ ասում է՝ առանց նախապայմանների, որը նշանակում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ուզում է տարանջատված ընկալել, իսկ Թուրքիան ուզում է բոլորն իրար հետ ածանցված լինի: Մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանը որոշ հնարավորություններ ուներ իր նախընտրած ձևի մեջ որոշ համառություն ցուցաբերել, այսօր՝ հետպատերազմյան իրավիճակում, անհամեմատորեն ավելի նվազած են: Դա չի նշանակում, որ Երևանի ղեկավարությունն անհրաժեշտ վճռականություն չի դրսևորում, բայց նաև պետք է առարկայական պատկերը լավ դիտարկել՝ հասկանալու համար, որ այս ժամանակաշրջանում ճկունացման սահմանները պետք է ընդլայնվեն, քանի որ նոր իրավիճակ է ստեղծված, նոր առաջնահերթություններ կան, տարածաշրջանում նոր հավասարակշռություններ են վերաձևավորվում»:
Անդրադառնալով Սփյուռքում հայապահպանության խնդրին՝ Գոչունյանն ասաց. «Սփյուռքը հասել է մի այնպիսի կետի, որ իր գոյատևման, ապագայի երաշխիքների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ՀՀ՝ որպես կայուն, ինքնիշխան պետականություն գոյատևելը: Հայաստանը որքան ամուր և հզոր լինի, Սփյուռքի տեսանկյունից Մայր Հայաստանի ձգողականությունն այնքան բարձրանում է, և եթե այդ ձգողականությունը բարձրանում է, սփյուռքահայերի ուծացման խնդիրները որոշ չափով թեթևանում են: Այսօր մեր ամբողջ Սփյուռքը իր հայապահպանման խնդիրներից մի քիչ էլ ավել տագնապած է Հայաստանի Հանրապետության առկա վիճակով: Բոլորի ցանկությունն է, որ Հայաստանը ժամ առաջ այս տուրբուլենտությունից դուրս գա և նորից մտնի ներքին համերաշխության և զարգացման ճանապարհ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում