«Հայաստանն ուզում է զգալ Ռուսաստանի թիկունքը». Միրզոյանը` Լավրովին

ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերն է և ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։ Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը կցանկանար լսել ռուսական կողմի դիրքորոշումը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարություններին։ Գնահատում ենք նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է, և խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին է», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը` Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։

«Այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում,և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ ՀՀ–ն չունի բարեկամության և ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ ու հստակ են արտացոլում իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին»,–ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ կան շատ երկրներ, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները։ «Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով», – ընդգծել է հայ նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպել են Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս