ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջացած խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն հոկտեմբերի 7-ին ընդունել է ֆրանսիացի պաշտոնատար անձանց, լրագրողների ու իրավաբանների պատվիրակությանը՝ Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Սեբաստիեն Դելոգուին, ֆրանսիացի գրող, հրապարակախոս Սիլվեն Տեսսոնին, «Ֆիգարո» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրստոֆ Բյուիսոնին, Revue des Deux Mondes-ի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանին, փաստաբան Ֆրանսուա Դեվեջյանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախ պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:
«Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզերում առկա իրավիճակը, սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական հարձակման հետևանքով առաջացած ու շարունակվող հումանիտար խնդիրները: Տեղեկացրել է, որ հաստատությունը օրեր առաջ հրապարակել է զեկույցներ, որտեղ հստակ վելուծված են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ զոհված զինծառայողների մարմինների անդամահատումներ, խոշտանգումներ, քաղաքացիական բնակչության թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորում, ծայրահեղ ատելության խոսքի շարունակվող դրսևորումներ և այլն: Տեղեկացրել է, որ տարհանված անձանցից մի մասը չի վերադարձել իրենց տներ, քանի որ դրանց մեծ մասն ավիրվել է:
Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ռազմագերիների, ինչպես նաև գերությունից վերադարձած հայ զինծառայողների մասին, նշել, որ նրանք գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում. վերադարձած անձանց հետ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնարցազրույցներ են ունենում: Գրիգորյանը խոսել է ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, ներկայացրել այդ քաղաքականության համակարգային բնույթն ու պետության կողմից հովանավորումն ու խրախուսումն ապացուցող օրինակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանը խոսել է նաև մինչ սեպտեմբերյան հարձակումը, դեռևս օգոստոսին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների և փաստահավաք աշխատանքների մասին, ներկայացրել արձանագրված փաստերը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ահաբեկման ու իրավունքների խախտումների օրինակների մասին:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանին կատարվող աշխատանքի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: