Հայ փորձագետները կարող են աշխատել «Սկոլկովո» նախագծում
Հայ գիտնականները «Սկոլկովո» կարող են դիմել ոչ միայն դրամաշնորհ ստանալու համար, այլև նրանք կարող են «Սկոլկովո» նախագծում փորձագետ դառնալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սկոլկովո» հիմնադրամի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զարգացման ինստիտուտների համագործակցության ղեկավար Ալեքսանդր Օկունևը: Նրա խոսքով՝ «Սկոլկովոն» բաց է և պատրաստ է համագործակցության համար, և ներկայումս դիտարկում են այդ համագործակցության հնարավորությունները:
«Մենք ցանկանում ենք ավելացնել մեր փորձագետների քանակը՝ ներգրավելով ավելի հայտնի և որոշակի ոլորտներում որակավորված գիտնական-մասնագետների: Այդ առումով մենք հայ գիտնականներին առաջարկում ենք որպես փորձագետ համագործակցել մեզ հետ»,- ասաց Ա. Օկունևը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի հետ, և շուտով համագործակցության համաձայնագիր է կնքվելու:
«Իրականում փորձագետ դառնալու գործընթացը բավական հեշտ է: «Սկոլկովո» նախագծի ինտերնետային կայքում համապատասխան բաժին կա, որը գիտնականներին հրավիրում է համագործակցության և նշում այդ գործընթացին միանալու և «Սկոլկովո» նախագծի փորձագետ դառնալու ճանապարհը»,- ասաց Ա. Օկունևը՝ նկատելով, որ այդպիսով հայ գիտականները ոչ միայն կարող են դիմել՝ դրամաշնորհներ ստանալու նպատակով, այլև կարող են «Սկոլկովո» նախագծում փորձագետ դառնալ:
Ալեքսանդր Օկունևի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում: