«Իեն» փոթորիկը մոլեգնել է Ֆլորիդայում
«Իեն» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել է սեպտեմբերի 28-ին:
«Ֆլորիդայի նահանգի Կեյտո Կոստա կղզուց ոչ հեռու ընկած առափնյակում մոլեգնել է չափազանց վտանգավոր «Իեն» փոթորիկը՝ չորրորդ կատեգորիայի հզորությամբ, քամու՝ ժամում 150 մղոն (ժամում 240 կիլոմետր) առավելագույն կայուն արագությամբ»,- ասվում է սոցիալական ցանցերում փոթորիկների հսկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Fox News-ի տեղեկատվության համաձայն, Ֆլորիդայի ավելի քան 1 մլն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել տարերային աղետի պատճառով:
Հեռուստաալիքը նշում է, որ «Իեն» փոթորիկը համեմատելի է ամենաուժեղ փոթորկի հետ, որը երբեւէ մոլեգնել է Ֆլորիդայի արեւմտյան ափերին. քամու փոռթկման արագությունը համարժեք է 2004 թվականին «Չառլի» փոթորկի ժամանակ գրանցված արագությանը:
Ավելի վաղ սեպտեմբերի 28-ին հաղորդվել է, որ «Իեն» փոթորիկը, Ֆլորիդայի իշխանությունների կարծիքով, կարող է լուրջ խնդիրներ առաջացրել այս նահանգում:
«Դրանք լինելու են շատ տհաճ երկու օրեր»,- Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է սեպտեմբերի 28-ի առավոտյան:
Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի փոթորկի ճանապարհին գտնվող տների բնակիչները մեկնեն մոտակա ապաստարան եւ առայժմ մնան այնտեղ: Նահանգի ավելի քան 2,5 մլն բնակիչներ ենթարկվել են պարտադիր տարհանման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: