Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Տաթևիկ Մադոյանի 6-րդ երեխան
Սեւանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել նույն քաղաքի բնակիչ Տաթեւիկ Մադոյանի վեցերորդ երեխան, ում ավագ եղբայրը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայոց բանակի շարքերում մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանական մարտերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի ԲԿ տնօրեն Արամ Նիկողոսյանը, հային բնորոշ համառությամբ, մաքառումով եւ բժիշկների մեծ ջանքերի շնորհիվ է ծնվել փոքրիկ Մաքսը` հաղթահարելով ծննդաբերման մի շարք բարդություններ։
«Բժիշկները նրան լույս աշխարհ են բերել կեսարյան հատումով ու մեծ ջանքերի գնով կյանք վերադարձրել, նույնիսկ դա հրաշք կարելի է համարել։
Ի դեպ, Մաքսի եղբայրը` Սեւանը, այս պահին պարտադիր ժամկետային ծառայության մեջ է գտնվում` կատարելով իր սուրբ պարտքը հայրենիքի հանդեպ։ Նա մասնակցել է սեպտեմբերի 13-14-ին թշնամու կողմից սանձազերծած մարտական գործողություններին ու դարձյալ հրաշքով ողջ մնացել։
Փոքրիկ Մաքսի մայրը` Տաթեւիկ Մադոյանը, մեծ հպարտությամբ է խոսում իր երեք որդիների եւ երեք դուստրերի մասին։
Հուզմունք, ուրախություն, թախիծ, հպարտություն, սահմանին կանգնած որդու ճանապարհին սպասող մոր սրտի թրթիռ, կարոտ, կրկին մայրանալու բերկրանք…, այս բոլոր զգացմունքները մեր բուժանձնակազմի մոտ միախառնվել էին իրար եւ արտահայտվում էին մեկ կերպ` արցունքներով։ Մենք սիրով շնորհավորում ենք տիկին Տաթեւիկին եւ բոլոր այն հայ մանուկներին, ովքեր ծնվել են այսօր` ապացուցելով, որ հայը եղել է, կա ու կլինի»,- ներկայացրեց Արամ Նիկողոսյանը։
Տաթեւիկ Մադոյանը եւ նորածին Մաքսը դեռեւս գտնվում են Սեւանի բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության եւ խնամքի ներքո։